Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 մարտի, 2017

Մարտի 11-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայողի կորստի մասին • Ապրիլի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի գարնանային զորակոչը • Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը ստորագրել են 2017-18 թթ. ռազմական համագործակցության պլանը • Վրաստանի ԶՈւ զինծառայողները զորավարժություն են անցկացրել Աֆղանստանում • Վրաստանի պաշտպանության նախարարը այցելել է ԶՈւ զինտեխնիկայի նորոգման բազա • Իրանը փորձարկել է Ռուսաստանից գնած Ս-300 համակարգերը • Արբանյակային լուսանկարները բացահայտել են Իրանի ստացած Ս-300-ների քանակը • Իրանական «Բավար-373» ՀՕՊ համակարգի փորձարակումները կավարտվեն մայիսին • Իրանը բալիստիկ հրթիռի 2 փորձարկում է կատարել • Իրանի ընկերություններն իրենց արտադրանքն են ներկայացնելու Իրաքի պաշտպանական ցուցահանդեսին • Իրանը տեղական արտադրության ուղղաթիռ է ներկայացրել • Իրանը ռազմական նավախումբ է ուղարկել Ռուսաստան • Միջադեպ ԱՄՆ և Իրանի նավերի միջև Հորմուզի նեղուցում • Մինչ օրս Սիրիայում և Իրաքում Իրանի կողմից կռվող 2000-ից ավելի մարտիկ է սպանվել • Ստամբուլում Sikorsky ուղղաթիռ է վթարվել. օդաչուները և անձնակազմի 4 անդամները մահացել են •  Մինչև ապրիլ նախատեսվում է Թուրքիայի զինուժին հանձնել ևս 2 «Աթաք» ուղղաթիռ •  Թուրքական ընկերությունը նոր զրահապատ մեքենաներ է արտադրելու Թուրքիայի զինուժի համար •  Թուրքիայի ժանդարմերիան ստացել է տեղական հարվածային ԱԹՍ-ներ •  Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություններ է իրականացնում Դիարբեքիրում  և Սև Ծովի ափամերձ շրջաններում •  Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման դեպքում կլրանա դրա հաստատման 1 տարին • Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող •   Թուրքիայում հանդիպել են ԱՄՆ, ՌԴ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը •  Թուրքիայի զինուժը շարունակում է հարվածել Իրաքում PKK-ի դիրքերին •  Թուրքիայի զինուժը տանկեր և զրահամեքենաներ է փոխադրել Սիրիայի սահման • Սիրիական կառավարական ուժերին հաջողվել է դուրս գալ Եփրատի ափ • Սիրիայի կառավարական ուժերը ազատագրել են Պալմիրայից արևմուտք նավթահանքը • Աստանայում հերթական հանդիպումն է լինելու սիրիական ճգնաժամի շուրջ • Թուրքիայում գտել են Սիրիայի օդուժի կործանված ինքնաթիռի օդաչուն • Սիրիայի հյուսիսում քրդերը մի քանի բնակավայր հանձնել են կառավարական բանակին • Սիրիայի Մանբիջ քաղաքում գործողությունները պետք է համակարգվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ. Թուրքիայի վարչապետ • Սիրիայում զոհվել է Ռուսաստանի ԶՈւ զինծառայող • Զինյալները Հալեպի օդանավակայանին կրակել են «Գրադ» կայանով • Թուրքական ուժերի դեմ գործողություններում Սիրիայի քրդերը կորցրել են 4 զինծառայող • Ամերիկյան զրահամեքենաները նկատվել են Մանբիջի մերձակայքում • Սիրիայի օդուժը Հոմսում հարվածում է ԻՊ և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումների դիրքերին • ԱՄՆ-ն կարող է 1000 զինծառայող ուղարկել Քուվեյթ՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար

Իրանական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը ● Վրաստանի ԶՈւ զինծառայողները զորավարժություն են անցկացրել Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայում ● Վրաստանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը այցելել են զինտեխնիկայի վերանորոգման բազա ● Թուրքիայում ուղղաթիռ է վթարվել

Իրանական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը ● Վրաստանի ԶՈւ զինծառայողները զորավարժություն են անցկացրել Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայում ● Վրաստանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը այցելել են զինտեխնիկայի վերանորոգման բազա ● Թուրքիայում ուղղաթիռ է վթարվել

 

Ադրբեջան / Վրաստան

• Մարտի 11-ի Ադրբեջանի ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը հայտնել է, որ մարտի 11-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu): Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զինծառայողի մահվան մասին լուրը։

• Մարտի 11-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դարձել, որ նույն օրը Ադրբեջանի Գաբալայի շրջանի Մըխլըգովաղ (Mıxlıqovaq) գյուղում հուղարկավորել են նախօրեին, կամ մարտի 11-ի լույս գիշերը մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խասփոլադով Սյուբհան Սադիգ օղուին (Xaspoladov Sübhan Sadiq oğlu): Ադրբեջանի ՊՆ-ն սպանված զինծառայողի մասին որևէ տեղեկություն չի հայտնել։

Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող Խասփոլադով Սյուբհան Սադիգ օղուին (Xaspoladov Sübhan Sadiq oğlu)

Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող Խասփոլադով Սյուբհան Սադիգ օղուին (Xaspoladov Sübhan Sadiq oğlu)

• Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2017թ. ապրիլի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:

• Մարտի 9-ին Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2017-18 թթ. ֆինանսական տարվա համագործակցության ծրագիրը: Կողմերը համագործակցում են ռազմական վարժանքների, կրթության և խաղաղապահական առաքելությունների ոլորտներում:

• Մարտի 6-ին Աֆղանստանում տեղակայված «Բաղրամ» ավիաբազայում անցկացվել է պլանային զորավարժություն, որին մասնակցել են նաև Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի և Վրաստանի ազգային գվարդիայի արագ արձագանքման դասակի զինծառայողները:

Վրաստանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը այցելել են զինտեխնիկայի վերանորոգման բազա

Վրաստանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը այցելել են զինտեխնիկայի վերանորոգման բազա

• Մարտի 9-ին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Չաչիբաիայի և այլ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է երկրի ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության վերանորոգման բազա:

 

Իրան

• Իրանի բանակի «Խաթեմ ալ Անբիա» ՀՕՊ ուժերը «Դամավանդ» զորավարժության ժամանակ առաջին անգամ փորձարկել են  Ռուսաստանից գնած Ս-300 ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերը։ Ս-300-ից արձակած առաջին հրթիռը խոցել է պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռը, իսկ երկրորդը՝ անօդչու թռչող սարքը։

• Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի հետ գործարքի արդյունքում Իրանը ստացել է 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգ: Համակարգի դիվիզիոններից յուրաքանչյուրի կազմում առկա է 96L6E (96Л6Е) ռադար, ինչպես նաև ամեն երկու դիվիզիոնում առկա է 64N6 (64Н6) ռադար:

Ս-300 ԶՀՀ-ն Իրանում

Ս-300 ԶՀՀ-ն Իրանում

• Ռուսաստանյան Ս-300 համակարգի իրանական տարբերակի՝ «Բավար-373-ի» փորձարկումները նախատեսվում է ավարտել 2017 թվականի մայիսի 23-ին։ Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը: Ըստ նրա՝ համակարգի փորձարկումները  5 փուլով են նախատեսված, դրանից 3-ը արդեն իրականացվել է, 4-րդ փուլը, որ պետք է իրականացվեր փետրվար-մարտ ամիսներին, տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է։

• Իրանը երկրի հարավարևելյան Ջասկ քաղաքում գտնվող ԻՀՊԿ բազայից կատարել է «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռի 2 փորձարկում։ Առաջին փորձարկումը կատարվել է մարտի 4-ին, հրթիռը չի կարողացել խոցել թիրախը և ընկել է մոտակայքում։ Երկրորդ փորձարկումը կատարվել է մարտի 5-ին։ Փորձարկումը հաջողվել է, և հրթիռը խոցել է 250կմ հեռավորության վրա գտնվող լողացող հարթակը։

• Իրանը մասնակցում է մարտի 5-7-ը  Իրաքի մայրաքաղաք Բաղդադում  անցկացվող IQDEX-2017  միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին մասնակցում են Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության պաշտպանական, ավիացիոն, ծովային արդյունաբերության կազմակերպությունները և աշխարհագրական կազմակերպությունը։ Ցուցահանդեսում Իրանի ՊՆ պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը ներկայացրել է «Փիրուզ» (թարգմ.՝ հաղթանակ) հակատանկային  հրթիռային համակարգը։

Իրանական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը

Իրանական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը

• Իրանը ներկայացրել է տեղական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը, որը կարող է օգտագործվել հետախուզական, որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման համար:

• Իրանական «Դամավանդ» էսկադրային ականակիր նավը և «Դերաֆշ» հրթիռային նավը Կասպից ծովի իրանական նավահանգստից բարեկամական այցով ուղևորվել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ՝ Դաղստան։

• Մարտի 4-ին Հորմուզի նեղուցում  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կատերները մինչև 550 մետր մոտեցել են ամերիկյան USNS Invincible նավին, և ամերիկյան նավը ստիպված փոխել է ուղղությունը։ Միջադեպի համար Իրանը իր հերթին մեղադրում է ԱՄՆ-ին:

• Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։ Մահալաթին չի մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են։

 

Թուրքիա

• Մարտի 10-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտ վթարվել է տեղական դեղագործական խոշոր ընկերությանը պատկանող Sikorsky S-76 տեսակի մարդատար ուղղաթիռ: Անձնակազմի 5 անդամները, այդ թվում՝ Ռուսաստանի 4 քաղաքացի և մեկ թուրք, ինչպես նաև 2 օդաչուները մահացել են:

Թուրքիայում ուղղաթիռ է վթարվել

Թուրքիայում ուղղաթիռ է վթարվել

• Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունն ավարտել է Թուրքիայի զինուժի համար նախատեսված 20-րդ և 21-րդ T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների արտադրությունը: Պլանավորվում է այս ամիս «Աթաք» ուղղաթիռները փոխանցել Թուրքիայի զինուժին:

• Թուրքական FNSS Savunma Sistemleri մասնավոր արդյունաբերական ընկերությունը Թուրքիայի զինուժի համար նախագծելու և արտադրելու է 27 միավոր զրապահատ լողացող մեքենա (ZAHAs): Ընկերության և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության միջև պայմանագիրը կնքվել է մարտի 7-ին:

• Մարտի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկրի ներքին գործերի նախարարության ժանդարմերիայի ուժերին հանձնել են տեղական արտադրության 6 միավոր «Բայրաքթար» (Bayraktar) անօդաչու թռչող սարք, որից երկուսը՝ հարվածային:

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

• Թուրքիայի զինուժը ռազմական գործողություն է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում: Գործողությանը ներգարվված է Թուրքիայի զինուժի 4 գումարտակ և 17 ուղղաթիռ: Մարտի 8-ին սպանվել է մեկ թուրք զինծառայող: Գործողությունների անցկացման հրամանատարական կենտրոն են այցելել Թուրքիայի ՆԳՆ ղեկավարաը, ժանդաևրմերիայի պետը:

• Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ենթակայության տակ գտնվող «Ejder Timi» ստորաբաժանումները Թուրքիայի սևծովյան նահանգների լեռներում հատուկ գործողություններ է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Համաձայն աղբյուրի՝ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 7 զինյալ: Գործողություններին ներգրավված են նաև զրահապատ մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր:

Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ ջոկատայիններ

Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ ջոկատայիններ

• Մարտի 9-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման հարցը պետք է քննարկի երկրի ազգային անվտանգության խորհուրդը: Նա նշել է, որ որոշում կընդունվի ԱԱԽ առաջարկության հիման վրա: Թուրքիայում ԱԱԽ խորհրդի նիստը անցկացվում է Թուրքիայի նախագահի ղեկավարությամբ:

• Մարտի 6-ին թուրքական կողմի պնդմամբ Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) զինյալները Մանբիջից ականանետով կրակել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա: Վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ՝ Մուշ նահանգում տեղակայված հատուկ նշանակության 49-րդ գումարտակի 4 զինծառայող:

• Մարտի 7-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերին: Երեք երկրների ԶՈւ հրամանատարները քննարկում են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները, ահաբեկչական զինյալ խմբավորումների դեմ պայքարը, առկա համագործակցությունը և հակասությունները:

ԱՄՆ, Թուրքիայի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետերը հանդիպել են Թուրքիայում

ԱՄՆ, Թուրքիայի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետերը հանդիպել են Թուրքիայում

• Մարտի 9-ին Թուրքիայի օդուժի կործանիչները հարվածել են Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Հարվածների արդյունքում ոչնչացել է Իրաքի հյուսիսում քրդական կառույցի 3 թիրախ:

• Մարտի 9-ին Թուրքիայի զինուժի տանկերից և զրահամեքենաներից կազմված շարասյունը բեռնափոխադրիչներով տեղափոխվել է Թուրքիայի հարավային Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիային սահմանակից Էլբեյլի գավառ: Աղբյուրի համաձայն՝ տանկերն ու զրահամեքենաները ուղարկվել են համալրելու Թուրքիայի զինուժի՝ Սիրիայի սահմանակից զորամիավորումները:

 

Սիրիա

• Սիրիայի արտգործնախարարությունը 2 նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին, որում պահանջում է ստիպել Թուրքիային դուրս բերել իր զինուժը Սիրիայի տարածքից: Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Նամակում նշվում է, որ թուրքական իշխանությունները և զինուժը շարունակում են Սիրիայի ինքնիշխան տարածքում հարձակումները:

• Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է Հաֆսա քաղաքի արևելքում առաջանալ դեպի Եփրատի ափ։ Կառավարական բանակի հսկողության տակ է ափի 15 կիլոմետրանոց հատվածը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։

• Մարտի 6-ին Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից արևմուտք ընկած «Ջազել» նավթահանքի վրա: Նավթահանքը միջին հաշվարկով օրական տալիս է 3000-ից մինչև 5000 բարրել նավթ:

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք

• Մարտի 7-ին Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Հալեպ քաղաքին խմելու ջուր մատակարարող հիմնական ջրի կայանը: Ջրի կայանը տեղակայված է Եփրատ գետի արևմտյան հատվածում՝ ալ-Խաֆսա բնակավայրում: Հալեպ քաղաքի բնակչությունը մոտ 2 ամիս զրկված է եղել խմելու ջրից։

• Սիրիայի կառավարարական ուժերի աղբյուրները հայտնում են, որ մարտի 9-ին թուրքական զինուժը հրթիռներով հարվածել է Հալեպից հյուսիս՝ Մանբիջ քաղաքին մոտ տեղակայված շրջաններում Սիրիայի ԶՈւ դիրքերին․ սպանվել են Սիրիայի ԶՈւ զինծառայողներ։ Նույն օրն ավելի վաղ քրդական աղբյուրներից մեկը հայտնել էր, որ սպանվել է Սիրիայի ԶՈւ 8 «սահմանապահ»։ Հնարավոր է, որ խոսքը նույն մարդկանց մասին է, սակայն չի բացառվում, որ նշված կորուստները տարբեր են։

• Սիրիական ճգնաժամի հարցով միջազգային բարձր մակարդակի հերթական հանդիպումը տեղի է ունենալու մարտի 14-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հանդիպմանը մասնակցելու են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև հրավիրվելու են ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Հորդանանի ներկայացուցիչները:  Հանդիպման երաշխավոր երկրները պետք է հաստատեն Սիրիայի կառավարության և Սիրիայի ընդդիմադիր զինյալների մասնակցությունը:

• Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանական ուժերը գտել են Սիրիայի օդուժի՝ մարտի 4-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում կործանված ինքնաթիռի օդաչուին: Գտնված օդաչուն է Մեթմեթ Սաֆֆան: Նա տեղափոխվել է Հաթայ նահանգի հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել:

Սիրիայի օդուժի կործանված ինքնաթիռի օդաչուն

Սիրիայի օդուժի կործանված ինքնաթիռի օդաչուն

• ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող և հիմնականում Սիրիայի քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը Սիրիայի հյուսիսում իր վերահսկողության տակ գտնվող մի քանի բնակավայրեր հանձնել է երկրի կառավարական ուժերին:

• Մարտի 6-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային՝ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքում գործողություններ իրականացնելու որևէ իմաստ չկա՝ առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ գործողությունների համակարգման ապահովվման:

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

• Մարտի 2-ին ԻՊ զինյալներից Պալմիրայի ազատագրման գործողության ընթացքում զոհվել է ՌԴ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արտյոմ Գորբունովը: Սա հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ն: Գորբունովը իրականացնում էր ՌԴ ԶՈւ ռազմական խորհրդատուների անվտանգության պահպանումը: Նա զոհվել է Պալմիրայում Սիրիայի կառավարական բանակի ուղղությամբ ԻՊ զինյալների գրոհը կասեցնելիս:

• Սիրիայում ահաբեկիչները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հարվածել են Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանին՝ պատճառելով նյութական վնաս: «Ֆայլաք ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը հրթիռակոծության պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

• Մարտի 6-ին Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) Թուրքիայի ԶՈւ և հովանավորյալ զինյալների դեմ բախումներում կորցրել են 4 զինծառայող:

• Մարտի 5-ին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում նկատվել են ամերիկյան արտադրության զրահամեքենաներ, որոնք եղել են ԱՄՆ դրոշներով: Նշվում է, որ զրահամեքենաները նկատվել են Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ:

• Սիրիայի օդուժը ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների դիրքերին Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում և մասնավորապես Համա և Իդլիբ քաղաքներում: Ավիահարվածների արդյունքում սպանվել է ԻՊ և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման 40 զինյալ, բացի այդ «շարքից հանվել է» զինյալների 7 ռազմական մեքենա:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

• ԱՄՆ ղեկավարաթյունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, քննարկում է Քուվեյթում մինչև 1000 զինծառայողից բաղկացած զորախումբ տեղակայելու հարցը։ Այդ զորքերը կօգտագործվեն որպես պահեստային զորք՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *