Սիրիայում ահաբեկիչները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հարվածել են Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանին՝ պատճառելով նյութական վնաս: «Ֆայլաք ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը հրթիռակոծության պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Այս մասին հայտնում է Al Masdar News լրատվակայքը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Հրթիռները արձակվել են Հալեպ նահանգի արևմուտքից, որտեղ գործում են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» («ալ-Կաիդա») խմբավորման զինյալները:
«Ֆայլաք ալ-Շամը» սունիադավան ահաբեկչական 19 խմբավորումների միություն է, որը ձևավորել է 2014 թվականին, նպատակ է հետապնդում Սիրիայի տարածքում միավորելու սունիադավան բոլոր իսլամիստներին:
Օդանավակայանը փակվել էր 2013-ի հունվարից, կարճ ժամանակով աշխատել 2014-ի հունվարին, ապա վերջին անգամ վերաբացվել էր 2016-ի դեկտեմբերին, երբ Սիրիայի կառավարական բանակը ահաբեկչական խմբավորումներից ամբողջությամբ ազատագրեց Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք:
Նշենք, որ ռազմավարական տեսանկյունից Հալեպի նշանակությունն անչափ կարևոր է, քանի որ այսպիսով կառավարական ուժերը գերիշխող դիրք են ստանում Սիրիայի հյուսիսային հատվածներում: