Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ենթակայության տակ գտնվող «Ejder Timi» ստորաբաժանումները Թուրքիայի սևծովյան նահանգների լեռներում հատուկ գործողություններ է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ սևծովյան նահանգներում
Ոտսիկանության հատուկ նշանակության ուժերը մասնավորապես գործողություններ են իրականացնում քրդական կառույցի դեմ Թուրքիայի Օրդու, Գիրեսուն, Թոքաթ, Սիվաս (Սեբաստիա) նահանգներում: Համաձայն աղբյուրի՝ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 7 զինյալ:
Գործողություններին ներգրավված են նաև զրահապատ մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր:
Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում շարունակվում է մարտի 5-ից PKK-ի դեմ մեկնարկած Թուրքիայի զիուժի խոշոր գործողությունը: Թուրքական կողմի տվյալներով՝ քրդական կառույցի դեմ գործողություններին ներգրավվել է շուրջ 7 հազար զինծառայող, անվտանգության աշխատակից:
Հիշեցնենք, որ թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: