Մարտի 2-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Պալմիրայի ազատագրման գործողության ընթացքում զոհվել է ՌԴ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արտյոմ Գորբունովը: Սա հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ն: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Գորբունովը իրականացնում էր ՌԴ ԶՈւ ռազմական խորհրդատուների անվտանգության պահպանումը: Նա զոհվել է Պալմիրայում Սիրիայի կառավարական բանակի ուղղությամբ ԻՊ զինյալների գրոհը կասեցնելիս:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր, ԻՊ-ից Սիրիայի Պալմիրա քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել և իրականացվել է ռուսաստանցի ռազմական խորհրդատուների ղեկավարությամբ:
Ավելի վաղ Սիրիայում ականի պայթյունից ծանր վիրավորում էր ստացել ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի շտաբի՝ մարտական պատրաստության հարցերով ղեկավար, գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը:
Մինչ այս՝ Սիրիայում Ռուսաստանի զորախմբի տեղակայումից հետո, ռուսաստանյան ուժերը կորցրել են մոտ 50 զինծառայող: