Իրանի բանակի «Խաթեմ ալ Անբիա» ՀՕՊ ուժերը «Դամավանդ» զորավարժության ժամանակ առաջին անգամ փորձարկել են Ռուսաստանից գնած Ս-300 ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերը։ Այս մասին մարտի 4-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ս-300-ից արձակած առաջին հրթիռը խոցել է պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռը, իսկ երկրորդը՝ անօդչու թռչող սարքը։
Ս-300 ԶՀՀ-ի փորձարկման տեսանյութը համացանցում հայտնվել էր ավելի վաղ։
Մինչ այդ Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Ամիր Հաթամին հայտարարել էր, որ Իրանը փորձարկում է Ս-300-ի իրանական տարբերակը՝ «Բավար-373» համակարգը։ Փորձարկումները շարունակվելու են մինչև զինված ուժերին այդ համակարգերի տրամադրումը։
Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքը արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգերի մի մասը Իրանը ցուցադրել է Իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ՝ 2016-ի սեպտեմբերին։
Համակարգերը ստանալուց հետո Իրանը անցկացրել է նաև ՀՕՊ զորավարժություն, սակայն, ըստ իրանական կողմի, Ս-300-ները այդ զորավարժությանը չեն ներգրավվել։