Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info

2023թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 277 կորստի մասին, որոնցից 224-ը՝ մարտական։ Ցանկում ընդգրկված են նաև սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ հարձակման արդյունքում գրանցված կորուստները։

Մեզ հայտնի դարձած կորուստներից 272-ի մասին տեղեկությունները հաստատվում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներով, ևս 5-ի մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, սոցցանցերից։ Պաշտոնապես չհայտնած կորուստներից 3-ը կուրսանտներ են, այդ թվում՝ պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ակադեմիայի 3-րդ կուրսի և կոմանդո զորամասի մեկական կուրսանտ։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ մարտական կորուստներից 10-ը ականների պայթյուններից են, իսկ 214-ը սպանվել է հայկական կրակից։ Նրանցից առնվազն 206*-ը 2023թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ հարձակման ժամանակ Պաշտպանության բանակի պաշտպանական գործողությունների արդյունքում սպանվածներ են։ Նշենք, որ այդ ժամանակ Ադրբեջանը նաև պաշտոնապես հայտնել էր 500-ից ավել վիրավորի մասին։

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հարձակման արդյունքում իր սպանվածների պաշտոնական ցուցակում չի ընդգրկել ներքին զորքերի 13 կորուստ։ Նրանց մահվան փաստը հաստատել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, ուստի նրանց ընդգրկել ենք պաշտոնապես հաստատվածների ցանկում։

*Մեր ցանկում ընդգրկված է նաև սեպտեմբերի 19-ին ծանր վիրավորված հատուկջոկատային սերժանտ Ղասըմով Հաջըալի Թահիր օղլուն (Qasımov Hacıəli Tahir oğlu), ով 4 ամիս կոմայում էր և մահացել է 2024թ․ հունվարի 28-ին։

Մեզ հայտնի կորուստների գերակշիռ մասը Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումներից է, 21-ը՝ ներքին զորքերից, 11-ը՝ ՊՍԾ-ից, մեկական կորուստ՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական գործակալությունից, Նախիջևանի առանձին համազորային բանակից։

2023թ․ Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի ինքնասպանությունների թիվը 17 է․ մահացածներից 11-ը ՊՆ զինծառայողներ են, 5-ը՝ ՊՍԾ, ևս 1-ը՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահակային գնդի զինծառայող։

Համեմատության համար նշենք, որ 2022թ․ ինքնասպանությունների հայտնի դեպքերի թիվը 20 էր, 2021-ին՝ 9, իսկ 2020 թվականին՝ 5։ Սա խոսում է Ադրբեջանում զինվորականության շրջանում ինքնասպանությունների բարձր ցուցանիշների պահպանման մասին։

Նախորդ տարի Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցվել է շմոլ գազի թունավորումից մահվան 4 դեպք, մեկական դեպքեր ջրահեղձության, կայծակի հարվածի, ձնահոսի հետևանքով։ Տարբեր հիվանդություններից և առողջական խնդիրներով պայմանավորված մահվան դեպքերի մեզ հայտնի թիվը 10 է։

Ադրբեջանի ԶՈւ 2023թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի (ներառյալ սեպտեմբերյան հարձակման կորուստները).

ԱմիսՄարտականՈչ մարտականԱնհայտ
Հունվար5
Փետրվար6
Մարտ36
Ապրիլ45
Մայիս23
Հունիս4
Հուլիս8
Օգոստոս3
Սեպտեմբեր2155
Հոկտեմբեր1
Նոյեմբեր3
Դեկտեմբեր4
Ընդհանուր22453

Նշենք, որ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի տվյալներով՝ անցած տարվա սկզբից իրենց հայտնի է դարձել Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցված 260 կորստի, ինչպես նաև 536 վիրավորի մասին։

Քանի որ «Խազար» կենտրոնը կորուստների անվանացանկ չի հրապարակում, չենք կարող պնդել, որ մեր և իրենց ցուցակները համընկնում են անուն առ անուն, ուստի չի բացառվում, որ իրականում կորուստների թիվն անգամ 277-ից էլ ավել է։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն ո՛չ Ռազմինֆոյին, ո՛չ «Խազարին»։

Հավելենք, որ 2022 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 149 կորստի մասին։ Կորուստների անվանացանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *