Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի արևելքում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, վիրավորվել է ՊԲ վեց զինծառայող: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։ Ըստ Արցախի պաշտոնական աղբյուրների՝ պետնախարարի, ՊԲ ներկայացուցչի և մարդու իրավունքների պաշտպանի՝ Արցախը զոհեր չունի։

«Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են: Իսկ երեք հոգի հենակետից դուրս էին գտնվում, և ոչ մի վնասվածք չեն ստացել:․․․ ՊԲ-ից տեղեկացրել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որևէ այլ հետևանք չի եղել: Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ Արցախում ադրբեջանցիների հարձակումից վիրավորված 6 զինծառայողից 2-ի վիճակը ծանր է։ Նրա խոսքով՝ միջադեպը եղել է Նոր Շեն համայնքում, բացի այդ, կրակել են նաև Հարավ գյուղի և այլ բնակավայրերի ուղղությամբ։ «Սպուտնիկ Արմենիա»-ին Հարավի գյուղապետը հայտնել է, որ մոտակա դիրքերում փոխհրաձգություն է ընթացել։

Մինչ այդ Ադրբեջանը հայտարարել էր, որ այսօր հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի է սպանվել, ինչն ավելի ուշ հերքել էր Արցախի ՊԲ-ն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, Մարտակերտում ռուս խաղաղապահի ներկայությամբ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել էր խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը, որն այդ պահին տրակտորով վար էր անում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *