Ադրբեջանական իշխանամետ APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։ Ադրբեջանը Նախիջևանի առանձին համազորային բանակին մատակարարումներ իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։
Ադրբեջանական լրատվամիջոցը լուրը հայտնում է իր ռազմական անանուն աղբյուրին հղում անելով։ Նշվում է, որ անանուն աղբյուրի պնդմամբ «Ադրբեջանն այս երթուղին շատ քիչ էր օգտագործում, դա չի խանգարելու Նախիջևանի զորամասերի մատակարարումների իրականացմանը»։
Ի պատասխան, աղբյուրը պնդում է, որ «Իրանը տրանսպորտային նպատակներով ավելի շատ է օգտագործում Ադրբեջանի տարածքը։ Դա հատկապես երևում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով կատարվող փոխադրումներում»։
Նշենք, որ այսօր Ադրբեջանում «Կորոնավիրուսի վարակի տարածման աճով» պայմանավորված փակել են Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը։
Հիշեցնենք, որ Իրանի Զինված ուժերը հոկտեմբերի 1-ից լայնածավալ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին, ինչը լարվածություն է մտցրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում։