Ադրբեջանի ԶՈւ չհայտնած կորուստ` թաղված «Պատվո ծառուղում»

Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի 2019թ. հուլիսի կորստի մասին։ Ադրբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում այդ մասին չի հայտնվել:

Սեպտեմբերի 10–ին Բաքվի երկրորդ «Պատվո ծառուղում» (II Fəxri xiyabanı) կանգնեցվեց հուլիսի 24–ին կործանված ՄիԳ-29-ի օդաչու Ռեշադ Աթաքիշիևի գերեզմանաքարը։ Այնտեղ սովորաբար հուղարկավորվում են Ադրբեջանի ԶՈւ այն զինծառայողները, որոնք մահացել են ռազմական գործողություններում կամ զինված ուժերում մեծ ներդրում են ունեցել։

Օդաչուի գերեզմանաքարի լուսանկարներից մեկում երևում է Աթաքիշիևի կողքին թաղված մեկ այլ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Ղազիև Կամիլ Զաուր օղլուի (Qaziyev Kamil Zaur oğlu) գերեզմանաքարը։ Ըստ քարի վրա փորագրված տարեթվի՝ նա մահացել է 2019թ․ հուլիսի 15-ին։

Կամիլ Ղազիևի մասին այլ տեղեկություններ գտնել չհաջողվեց: Հայտնի չէ՝ կորուստը մարտական է, թե ոչ մարտական:

Կարևոր է նշել, որ կորուստները թաքցնելու Ադրբեջանի քաղաքականությունը թափ ստացավ 2014թ. օգոստոսյան մարտերից հետո. սեպտեմբերի 24-ին Իլհամ Ալիևը ստորագրեց հրամանագիր, որով խստորեն սահմանափակվեց լրատվամիջոցների՝ առաջնագծի և բանակի մասին տեղեկություններ հրապարակելու հնարավորությունները:


Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 39 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *