Մարտի 11-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայողի կորստի մասին • Ապրիլի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի գարնանային զորակոչը • Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը ստորագրել են 2017-18 թթ. ռազմական համագործակցության պլանը • Վրաստանի ԶՈւ զինծառայողները զորավարժություն են անցկացրել Աֆղանստանում • Վրաստանի պաշտպանության նախարարը այցելել է ԶՈւ զինտեխնիկայի նորոգման բազա • Իրանը փորձարկել է Ռուսաստանից գնած Ս-300 համակարգերը • Արբանյակային լուսանկարները բացահայտել են Իրանի ստացած Ս-300-ների քանակը • Իրանական «Բավար-373» ՀՕՊ համակարգի փորձարակումները կավարտվեն մայիսին • Իրանը բալիստիկ հրթիռի 2 փորձարկում է կատարել • Իրանի ընկերություններն իրենց արտադրանքն են ներկայացնելու Իրաքի պաշտպանական ցուցահանդեսին • Իրանը տեղական արտադրության ուղղաթիռ է ներկայացրել • Իրանը ռազմական նավախումբ է ուղարկել Ռուսաստան • Միջադեպ ԱՄՆ և Իրանի նավերի միջև Հորմուզի նեղուցում • Մինչ օրս Սիրիայում և Իրաքում Իրանի կողմից կռվող 2000-ից ավելի մարտիկ է սպանվել • Ստամբուլում Sikorsky ուղղաթիռ է վթարվել. օդաչուները և անձնակազմի 4 անդամները մահացել են • Մինչև ապրիլ նախատեսվում է Թուրքիայի զինուժին հանձնել ևս 2 «Աթաք» ուղղաթիռ • Թուրքական ընկերությունը նոր զրահապատ մեքենաներ է արտադրելու Թուրքիայի զինուժի համար • Թուրքիայի ժանդարմերիան ստացել է տեղական հարվածային ԱԹՍ-ներ • Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություններ է իրականացնում Դիարբեքիրում և Սև Ծովի ափամերձ շրջաններում • Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման դեպքում կլրանա դրա հաստատման 1 տարին • Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող • Թուրքիայում հանդիպել են ԱՄՆ, ՌԴ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը • Թուրքիայի զինուժը շարունակում է հարվածել Իրաքում PKK-ի դիրքերին • Թուրքիայի զինուժը տանկեր և զրահամեքենաներ է փոխադրել Սիրիայի սահման • Սիրիական կառավարական ուժերին հաջողվել է դուրս գալ Եփրատի ափ • Սիրիայի կառավարական ուժերը ազատագրել են Պալմիրայից արևմուտք նավթահանքը • Աստանայում հերթական հանդիպումն է լինելու սիրիական ճգնաժամի շուրջ • Թուրքիայում գտել են Սիրիայի օդուժի կործանված ինքնաթիռի օդաչուն • Սիրիայի հյուսիսում քրդերը մի քանի բնակավայր հանձնել են կառավարական բանակին • Սիրիայի Մանբիջ քաղաքում գործողությունները պետք է համակարգվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ. Թուրքիայի վարչապետ • Սիրիայում զոհվել է Ռուսաստանի ԶՈւ զինծառայող • Զինյալները Հալեպի օդանավակայանին կրակել են «Գրադ» կայանով • Թուրքական ուժերի դեմ գործողություններում Սիրիայի քրդերը կորցրել են 4 զինծառայող • Ամերիկյան զրահամեքենաները նկատվել են Մանբիջի մերձակայքում • Սիրիայի օդուժը Հոմսում հարվածում է ԻՊ և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումների դիրքերին • ԱՄՆ-ն կարող է 1000 զինծառայող ուղարկել Քուվեյթ՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար
Ադրբեջան / Վրաստան
• Մարտի 11-ի Ադրբեջանի ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը հայտնել է, որ մարտի 11-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu): Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զինծառայողի մահվան մասին լուրը։
• Մարտի 11-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դարձել, որ նույն օրը Ադրբեջանի Գաբալայի շրջանի Մըխլըգովաղ (Mıxlıqovaq) գյուղում հուղարկավորել են նախօրեին, կամ մարտի 11-ի լույս գիշերը մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խասփոլադով Սյուբհան Սադիգ օղուին (Xaspoladov Sübhan Sadiq oğlu): Ադրբեջանի ՊՆ-ն սպանված զինծառայողի մասին որևէ տեղեկություն չի հայտնել։
• Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2017թ. ապրիլի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:
• Մարտի 9-ին Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2017-18 թթ. ֆինանսական տարվա համագործակցության ծրագիրը: Կողմերը համագործակցում են ռազմական վարժանքների, կրթության և խաղաղապահական առաքելությունների ոլորտներում:
• Մարտի 6-ին Աֆղանստանում տեղակայված «Բաղրամ» ավիաբազայում անցկացվել է պլանային զորավարժություն, որին մասնակցել են նաև Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի և Վրաստանի ազգային գվարդիայի արագ արձագանքման դասակի զինծառայողները:
• Մարտի 9-ին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Չաչիբաիայի և այլ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է երկրի ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության վերանորոգման բազա:
Իրան
• Իրանի բանակի «Խաթեմ ալ Անբիա» ՀՕՊ ուժերը «Դամավանդ» զորավարժության ժամանակ առաջին անգամ փորձարկել են Ռուսաստանից գնած Ս-300 ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերը։ Ս-300-ից արձակած առաջին հրթիռը խոցել է պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռը, իսկ երկրորդը՝ անօդչու թռչող սարքը։
• Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի հետ գործարքի արդյունքում Իրանը ստացել է 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգ: Համակարգի դիվիզիոններից յուրաքանչյուրի կազմում առկա է 96L6E (96Л6Е) ռադար, ինչպես նաև ամեն երկու դիվիզիոնում առկա է 64N6 (64Н6) ռադար:
• Ռուսաստանյան Ս-300 համակարգի իրանական տարբերակի՝ «Բավար-373-ի» փորձարկումները նախատեսվում է ավարտել 2017 թվականի մայիսի 23-ին։ Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը: Ըստ նրա՝ համակարգի փորձարկումները 5 փուլով են նախատեսված, դրանից 3-ը արդեն իրականացվել է, 4-րդ փուլը, որ պետք է իրականացվեր փետրվար-մարտ ամիսներին, տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է։
• Իրանը երկրի հարավարևելյան Ջասկ քաղաքում գտնվող ԻՀՊԿ բազայից կատարել է «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռի 2 փորձարկում։ Առաջին փորձարկումը կատարվել է մարտի 4-ին, հրթիռը չի կարողացել խոցել թիրախը և ընկել է մոտակայքում։ Երկրորդ փորձարկումը կատարվել է մարտի 5-ին։ Փորձարկումը հաջողվել է, և հրթիռը խոցել է 250կմ հեռավորության վրա գտնվող լողացող հարթակը։
• Իրանը մասնակցում է մարտի 5-7-ը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անցկացվող IQDEX-2017 միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին մասնակցում են Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության պաշտպանական, ավիացիոն, ծովային արդյունաբերության կազմակերպությունները և աշխարհագրական կազմակերպությունը։ Ցուցահանդեսում Իրանի ՊՆ պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը ներկայացրել է «Փիրուզ» (թարգմ.՝ հաղթանակ) հակատանկային հրթիռային համակարգը։
• Իրանը ներկայացրել է տեղական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը, որը կարող է օգտագործվել հետախուզական, որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման համար:
• Իրանական «Դամավանդ» էսկադրային ականակիր նավը և «Դերաֆշ» հրթիռային նավը Կասպից ծովի իրանական նավահանգստից բարեկամական այցով ուղևորվել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ՝ Դաղստան։
• Մարտի 4-ին Հորմուզի նեղուցում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կատերները մինչև 550 մետր մոտեցել են ամերիկյան USNS Invincible նավին, և ամերիկյան նավը ստիպված փոխել է ուղղությունը։ Միջադեպի համար Իրանը իր հերթին մեղադրում է ԱՄՆ-ին:
• Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։ Մահալաթին չի մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են։
Թուրքիա
• Մարտի 10-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտ վթարվել է տեղական դեղագործական խոշոր ընկերությանը պատկանող Sikorsky S-76 տեսակի մարդատար ուղղաթիռ: Անձնակազմի 5 անդամները, այդ թվում՝ Ռուսաստանի 4 քաղաքացի և մեկ թուրք, ինչպես նաև 2 օդաչուները մահացել են:
• Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունն ավարտել է Թուրքիայի զինուժի համար նախատեսված 20-րդ և 21-րդ T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների արտադրությունը: Պլանավորվում է այս ամիս «Աթաք» ուղղաթիռները փոխանցել Թուրքիայի զինուժին:
• Թուրքական FNSS Savunma Sistemleri մասնավոր արդյունաբերական ընկերությունը Թուրքիայի զինուժի համար նախագծելու և արտադրելու է 27 միավոր զրապահատ լողացող մեքենա (ZAHAs): Ընկերության և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության միջև պայմանագիրը կնքվել է մարտի 7-ին:
• Մարտի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկրի ներքին գործերի նախարարության ժանդարմերիայի ուժերին հանձնել են տեղական արտադրության 6 միավոր «Բայրաքթար» (Bayraktar) անօդաչու թռչող սարք, որից երկուսը՝ հարվածային:
• Թուրքիայի զինուժը ռազմական գործողություն է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում: Գործողությանը ներգարվված է Թուրքիայի զինուժի 4 գումարտակ և 17 ուղղաթիռ: Մարտի 8-ին սպանվել է մեկ թուրք զինծառայող: Գործողությունների անցկացման հրամանատարական կենտրոն են այցելել Թուրքիայի ՆԳՆ ղեկավարաը, ժանդաևրմերիայի պետը:
• Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ենթակայության տակ գտնվող «Ejder Timi» ստորաբաժանումները Թուրքիայի սևծովյան նահանգների լեռներում հատուկ գործողություններ է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Համաձայն աղբյուրի՝ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 7 զինյալ: Գործողություններին ներգրավված են նաև զրահապատ մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր:
• Մարտի 9-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման հարցը պետք է քննարկի երկրի ազգային անվտանգության խորհուրդը: Նա նշել է, որ որոշում կընդունվի ԱԱԽ առաջարկության հիման վրա: Թուրքիայում ԱԱԽ խորհրդի նիստը անցկացվում է Թուրքիայի նախագահի ղեկավարությամբ:
• Մարտի 6-ին թուրքական կողմի պնդմամբ Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) զինյալները Մանբիջից ականանետով կրակել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա: Վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ՝ Մուշ նահանգում տեղակայված հատուկ նշանակության 49-րդ գումարտակի 4 զինծառայող:
• Մարտի 7-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերին: Երեք երկրների ԶՈւ հրամանատարները քննարկում են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները, ահաբեկչական զինյալ խմբավորումների դեմ պայքարը, առկա համագործակցությունը և հակասությունները:
• Մարտի 9-ին Թուրքիայի օդուժի կործանիչները հարվածել են Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Հարվածների արդյունքում ոչնչացել է Իրաքի հյուսիսում քրդական կառույցի 3 թիրախ:
• Մարտի 9-ին Թուրքիայի զինուժի տանկերից և զրահամեքենաներից կազմված շարասյունը բեռնափոխադրիչներով տեղափոխվել է Թուրքիայի հարավային Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիային սահմանակից Էլբեյլի գավառ: Աղբյուրի համաձայն՝ տանկերն ու զրահամեքենաները ուղարկվել են համալրելու Թուրքիայի զինուժի՝ Սիրիայի սահմանակից զորամիավորումները:
Սիրիա
• Սիրիայի արտգործնախարարությունը 2 նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին, որում պահանջում է ստիպել Թուրքիային դուրս բերել իր զինուժը Սիրիայի տարածքից: Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Նամակում նշվում է, որ թուրքական իշխանությունները և զինուժը շարունակում են Սիրիայի ինքնիշխան տարածքում հարձակումները:
• Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է Հաֆսա քաղաքի արևելքում առաջանալ դեպի Եփրատի ափ։ Կառավարական բանակի հսկողության տակ է ափի 15 կիլոմետրանոց հատվածը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։
• Մարտի 6-ին Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից արևմուտք ընկած «Ջազել» նավթահանքի վրա: Նավթահանքը միջին հաշվարկով օրական տալիս է 3000-ից մինչև 5000 բարրել նավթ:
• Մարտի 7-ին Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Հալեպ քաղաքին խմելու ջուր մատակարարող հիմնական ջրի կայանը: Ջրի կայանը տեղակայված է Եփրատ գետի արևմտյան հատվածում՝ ալ-Խաֆսա բնակավայրում: Հալեպ քաղաքի բնակչությունը մոտ 2 ամիս զրկված է եղել խմելու ջրից։
• Սիրիայի կառավարարական ուժերի աղբյուրները հայտնում են, որ մարտի 9-ին թուրքական զինուժը հրթիռներով հարվածել է Հալեպից հյուսիս՝ Մանբիջ քաղաքին մոտ տեղակայված շրջաններում Սիրիայի ԶՈւ դիրքերին․ սպանվել են Սիրիայի ԶՈւ զինծառայողներ։ Նույն օրն ավելի վաղ քրդական աղբյուրներից մեկը հայտնել էր, որ սպանվել է Սիրիայի ԶՈւ 8 «սահմանապահ»։ Հնարավոր է, որ խոսքը նույն մարդկանց մասին է, սակայն չի բացառվում, որ նշված կորուստները տարբեր են։
• Սիրիական ճգնաժամի հարցով միջազգային բարձր մակարդակի հերթական հանդիպումը տեղի է ունենալու մարտի 14-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հանդիպմանը մասնակցելու են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև հրավիրվելու են ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Հորդանանի ներկայացուցիչները: Հանդիպման երաշխավոր երկրները պետք է հաստատեն Սիրիայի կառավարության և Սիրիայի ընդդիմադիր զինյալների մասնակցությունը:
• Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանական ուժերը գտել են Սիրիայի օդուժի՝ մարտի 4-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում կործանված ինքնաթիռի օդաչուին: Գտնված օդաչուն է Մեթմեթ Սաֆֆան: Նա տեղափոխվել է Հաթայ նահանգի հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել:
• ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող և հիմնականում Սիրիայի քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը Սիրիայի հյուսիսում իր վերահսկողության տակ գտնվող մի քանի բնակավայրեր հանձնել է երկրի կառավարական ուժերին:
• Մարտի 6-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային՝ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքում գործողություններ իրականացնելու որևէ իմաստ չկա՝ առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ գործողությունների համակարգման ապահովվման:
• Մարտի 2-ին ԻՊ զինյալներից Պալմիրայի ազատագրման գործողության ընթացքում զոհվել է ՌԴ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արտյոմ Գորբունովը: Սա հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ն: Գորբունովը իրականացնում էր ՌԴ ԶՈւ ռազմական խորհրդատուների անվտանգության պահպանումը: Նա զոհվել է Պալմիրայում Սիրիայի կառավարական բանակի ուղղությամբ ԻՊ զինյալների գրոհը կասեցնելիս:
• Սիրիայում ահաբեկիչները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հարվածել են Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանին՝ պատճառելով նյութական վնաս: «Ֆայլաք ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը հրթիռակոծության պատասխանատվությունը վերցրել է իր վրա:
• Մարտի 6-ին Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) Թուրքիայի ԶՈւ և հովանավորյալ զինյալների դեմ բախումներում կորցրել են 4 զինծառայող:
• Մարտի 5-ին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում նկատվել են ամերիկյան արտադրության զրահամեքենաներ, որոնք եղել են ԱՄՆ դրոշներով: Նշվում է, որ զրահամեքենաները նկատվել են Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ:
• Սիրիայի օդուժը ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների դիրքերին Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում և մասնավորապես Համա և Իդլիբ քաղաքներում: Ավիահարվածների արդյունքում սպանվել է ԻՊ և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման 40 զինյալ, բացի այդ «շարքից հանվել է» զինյալների 7 ռազմական մեքենա:
• ԱՄՆ ղեկավարաթյունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, քննարկում է Քուվեյթում մինչև 1000 զինծառայողից բաղկացած զորախումբ տեղակայելու հարցը։ Այդ զորքերը կօգտագործվեն որպես պահեստային զորք՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: