Աստանայում հերթական հանդիպումն է լինելու սիրիական ճգնաժամի շուրջ

Սիրիական ճգնաժամի հարցով միջազգային բարձր մակարդակի հերթական հանդիպումը տեղի է ունենալու մարտի 14-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ կայքը:

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից

Հանդիպմանը մասնակցելու են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև հրավիրվելու են ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Հորդանանի ներկայացուցիչները:  Հանդիպման երաշխավոր երկրները պետք է հաստատեն Սիրիայի կառավարության և Սիրիայի ընդդիմադիր զինյալների մասնակցությունը:

Մարտի 14-ին նախատեսվում է անցկացնել խորհրդակցություն, իսկ մարտի 15-ին լիագումար նիստ:

Նշենք, որ Աստանայում մինչ այժմ Սիրիայի ճգնաժամի հարցով անցկացվել է 2 հանդիպում՝ հունվարի 23-24-ին և փետրվարի 15-16-ին: Հունվարի 23-24-ին Աստանայում բանակցությունների առաջին փուլի ընթացքում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ: Սակայն, սիրիական հակամարտության կարգավորման հարցով որևէ հստակ պայմանավորվածություն չէր հաջողվել ձեռք բերել:

Իսկ փետրվարի 15-16-ի բանակցությունների ժամանակ Սիրիայի կառավարական և որոշակի ընդդիմադիր ուժեր, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հորդանանի և ՄԱԿ-ի ներակայացուցիչների հետ քննարկել են հրադադարը խախտողի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը:

Բացի այս, փետրվարի 6-ին Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովի առաջին նիստն է եղել Աստանայում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *