Իրանը հայտարարել է հականավային հրթիռի փորձարկման մասին

Նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փորձարկել է տեղական արտադրության «Հորմոզ-2» հականավային հրթիռը։ Այն խոցել է 250կմ հեռավորության վրա գտնվող լողացող հարթակը։

Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական արտադրության «Հորմուզ-1» և «Հորմուզ-2» հրթիռները

Իրանական արտադրության «Հորմուզ-1» և «Հորմուզ-2» հրթիռները

Ավելի վաղ Իրանում հականավային հրթիռների փորձարկման մասին էր հայտնել FoxNews լրատվակայքը։ Ըստ լրատվակայքի՝ մարտի 4-ին և 5-ին Իրանը փորձարկել է «Ֆաթեհ-110» դասի հրթիռներ, իսկ ըստ  Janes ռազմական հանդեսի՝ իրանցիները հավանաբար փորձարկել են «Ֆաթեհ-110»-ի մոդիֆիկացիաներից «Խալիջ է Ֆարս» հականավային հրթիռը։

«Հորմուզ-2»  հրթիռը Իրանը առաջին անգամ ներկայացրել է 2014 թվականին, հրթիռի հեռահարությունը 300կմ է։ Այն իր արտաքին տեսքով և հեռահարության աստիճանով նման է «Խալիջ է ֆարս» հրթիռին։

Հիշեցնենք, 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *