Սիրիայի կառավարական ուժերը Պալմիրայից արևմուտք նավթահանք են ազատագրել

Մարտի 6-ին Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից արևմուտք ընկած «Ջազել» նավթահանքի վրա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Նավթահանքը միջին հաշվարկով օրական տալիս է 3000-ից մինչև 5000 բարրել նավթ:

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք

Սիրիական աղբյուրը հայտնել է ռուսաստանյան գործակալությանը, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները առանց լուրջ դիմադրություն ցույց տալու հեռանում են Պալմիրայի տարածքից:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Պալմիրայում: Կառավարական ուժերը տարբեր ուղղություններով գրոհել են քաղաքի արվարձանները և վերահսկողություն հաստատել քաղաքի պատմական կենտրոնում, արևմտյան և հարավային հատվածներում:

Սիրիայի կառավարական բանակին աջակցում են նաև Ռուսաստանի ՌԴ օդուժը: Ավելի ուշ ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ Պալմիրայի ազատագրումը իրականացվել է Ռուսաստանի ռազմական խորհրդականների մշակմամբ և օգնությամբ:

2016-ի մարտի 23-24-ին Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել էր ազատագրել ԻՊ վերահսկողության տակ գտնվող Պալմիրա պատմական քաղաքը (Թադմոր)։ Սակայն կառավարական ուժերն այն կարողացան պահել մինչև 2016 թ․ դեկտեմբեր, երբ իսլամիստներին հաջողվեց կրկին գրավել քաղաքը:

2017 թ. փետրվարին կառավարական ուժերը նոր հարձակում են սկսել՝ փորձելով վերանվաճել պատմական քաղաքը, որը կարող է դառնալ նաև Դեր Զորի ուղղությամբ հարձակվելու համար բավականին արդյունավետ հենակետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *