Սիրիայի իշխանությունները պահանջում են Թուրքիայից դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից

Սիրիայի արտգործնախարարությունը 2 նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին, որում պահանջում է ստիպել Թուրքիային դուրս բերել իր զինուժը Սիրիայի տարածքից: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը: 

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Նամակում նշվում է, որ թուրքական իշխանությունները և զինուժը շարունակում են Սիրիայի ինքնիշխան տարածքում հարձակումները: Սիրիայի ղեկավարությունը ՄԱԿ-ից նաև պահանջել է ստիպել Թուրքիային դադարեցնել հարձակումները իր երկրի տարածքում և պահպանել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Սիրիայի իշխանությունները մեղադրել են նաև Թուրքիային Սիրիայի տարածքում ահաբեկիչներին աջակցելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Սիրիայի կառավարարական ուժերի աղբյուրները հայտնել են, որ թուրքական զինուժը հրթիռներով հարվածել է Հալեպից հյուսիս՝ Մանբիջ քաղաքին մոտ տեղակայված շրջաններում Սիրիայի ԶՈւ դիրքերին, ինչի արդյունքում սպանվել են Սիրիայի ԶՈւ զինծառայողներ։ Քրդական աղբյուրներից մեկը հայտնել էր, որ սպանվել է Սիրիայի ԶՈւ 8 «սահմանապահ»։

Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող և հիմնականում Սիրիայի քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջ մոտ իր վերահսկողության տակ գտնվող մի քանի բնակավայրեր հանձնել է երկրի կառավարական ուժերին: Սա արվել էր թուրքական զինուժի հետ բախումներից խուսափելու համար:

Թուրքիայի զինուժի Մանբիջի ուղղությամբ շարժվելու դեպքում,  Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական բանակի միջև բախումների վտանգ է ստեղծվում, չնայած դեռևս բախումներ չեն արձանագրվել: Բացի այդ, այստեղ առկա է Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործոնը, որոնց հետ ուժերը համաձայնեցնում են իրենց գործողությունները, մասնավորապես Թուրքիայի վարչապետը ավելի վաղ նշել էր, որ Մանբիջի հարցը իրենք պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը օգոստոսի 24-ից ներխուժել է Սիրիայի տարածք և գործողություններ է իրականացնում այդ երկրում ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբվորման, այնպես էլ Սիրիայի քրդական ուժերի դեմ: Թուրքիան փետրվարի վերջ վերհոսկողություն է սահմանել  Ալ-Բաբ քաղաքում, ինչից հետո թուրքական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստվում է շարժվել քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *