Մարտի 6-ին թուրքական կողմի պնդմամբ Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) զինյալները Մանբիջից ականանետով կրակել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Դեպքի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ՝ Մուշ նահանգում տեղակայված հատուկ նշանակության 49-րդ գումարտակի 4 զինծառայող: Վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Թուրքիայի հարավային՝ Սիրիայի սահմանակից Գազինաթեփ, իսկ մյուս 3-ը` Քիլիս նահանգի հիվանդանոցներ:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո թուրքական կողմը առանջահերթությունը տվել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքին, և այդ ուղղությամբ մեծ տեղաշարժ կա:
Այդ մասին ավելի վաղ հայտարարել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ Էրդողանi խորհրդականը նաև հայտարարել է, որ «Եփրատի վահան» գործողությունը ավարտելուց հետո, Թուրքիան չի մնալու Սիրիայի տարածքում:
Նշենք, որ մի քանի օր է, ինչ թուրքական մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիայի զինուժ աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման թյուրքմեն զինյալները շարունակում են գրոհել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքը և արդեն գրավել են հարակից մի քանի բնակավայր:
Նշենք, որ Թուրքիայի զինուժը 2016-ի օգոստոսի 24-ից ներխուժել է Սիրիայի տարածք և ռազմական գործողություններ է իրականացնում: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի զինուժը մարտեր էր մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Ալ-Բաբ քաղաքի գրավման համար:
Մինչև այժմ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, Թուրքիայի զինուժը ունեցել է 70 զինծառայողի կորուստ, սակայն ԻՊ-ն հայտնում է ավելի շատ կորուստների մասին: