Թուրքիայում հանդիպել են ԱՄՆ, ՌԴ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը

Մարտի 7-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերին: Երեք երկրների ԶՈւ հրամանատարները քննարկում են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները, ահաբեկչական զինյալ խմբավորումների դեմ պայքարը, առկա համագործակցությունը և հակասությունները: Այս մասiն հայտնում են ՌԴ ՊՆ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքերը (1, 2):

ԱՄՆ, Թուրքիայի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետերը հանդիպել են Թուրքիայում

ԱՄՆ, Թուրքիայի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետերը հանդիպել են Թուրքիայում

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Ջո Դանֆորդը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը մասնավորապես քննարկում են մերձավորարևելյան երկու երկրներում գործողությունների կոորդինացիային վերաբերող հարցեր:

Չնայած մասնավորապես Սիրիայում այս երկրների թվացյալ համագործակցությանը՝ առկա են բազմաթիվ հակասություններ: Այդ թվում լուրջ խնդիրներ ունեն ՆԱՏՕ-ի անդամներ Թուրքիան և ԱՄՆ-ը: Խոսքը մասնավորապես Սիրիայում տեղակայված քրդական ուժերի մասին է, որոնք համարվում են «սպառնալիք Թուրքիայի անվտանգությանը», սակայն ամերիկյան կողմն աջակցում է այդ ուժերին:

Փետրվարի վերջին հատվածում «Իսլամական պետությունից» սիրիական Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո Թուրքիան իրեն հավատարիմ զինյալներին ուղղել է դեպի քրդերի վրահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաք:

Ի հակառակ սրան՝ մարտի 6-ին Պենտագոնը հայտարարել էր, որ Մանբիջ են ուղարկելսահմանափակ թվով ցամաքային ստորաբաժանումներ, որոնք «քաղաքի շուրջ հավաքված տարբեր ուժերը իրար դեմ չպատերազմեն»: Սրանով Միացյալ Նահանգները հստակ ուղերձ էր ուղարկել Թուրքիային, որ «թույլ չեն տա հարձակվել Մանբիջի վրա և գրավել այն տեղի քրդական և արաբական ուժերից»:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Ներկայում այդ ուժերը ԱՄՆ աջակցությամբ գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքա քաղաքը: Սակայն Թուրքիան շարունակում է հայտարարել, որ իրենց պետք է վերապահվի Ռաքքան գրավելու իրավունքը: Մյուս կողմից Ռուսաստանի աջակցությամբ գործող սիրիական կառավարական ուժերը կտրել են Թուրիքյաի ԶՈւ ճանապարհը դեպի Ռաքքա:

Այսպիսով առաջացել է մի իրավիճակ, երբ Թուրքիան կա՛մ պետք է ակնհայտ առճակատման գնա Ռուսաստանի հովանավորյալ կողմի, կա՛մ՝ Միացյալ Նահանգների: Այդ իսկ պատճառով կողմերը փորձում են համաձայնեցնել գործողությունները, ինչի մասին նախօրեին հայտարարել էր նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նկատել էր Ստամբուլի անատոլիական ուսումնասիրություների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Ֆրանսուա Պերուզը՝ «Թուրքիայի գործողությունները սահմանափակված են ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքականությամբ»: Մյուս կողմից՝ այդ երկու խոշոր խաղացողները ևս չեն կարող հաշվի չառնել Թուրքիայի դիրքորոշումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *