Սիրիայի քրդերը շարժվում են ԻՊ կենտրոն Ռաքքա, Թուրքիան ռմբակոծել է քրդերի դիրքերը

Փետրվարի 20-21-ին Սիրիայի քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը զարգացրել է հաջողությունները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ Ռաքքայի շրջակայում գրավելով ևս մի քանի բնակավայր: Միևնույն ժամանակ Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները Ազազի շրջանում քրդական ուժերից մեկ բնակավայր են գրավել:

Քրդական ուժերը ևս հաստատում են, որ Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները գրավել են թուրք-սիրիական սահմանին մոտ՝ Հալեպից հյուսիս տեղակայված Մարին բնակավայրը: Բացի այդ, Թուրքիայի զինուժը ռմբակոծել է Մանբիջում քրդերի դիրքերը: Սակայն առայժմ թուրք-քրդական լայնածավալ բախումներ չեն գրանցվել:

Միևնույն ժամանակ թուրքական զինուժը դեռևս մարտեր է մղում Հալեպից հարավ-արևելք տեղակայված սիրիական Ալ-Բաբ քաղաքը «Իսլամական պետությունից» գրավելու համար: Չնայած որ թուրքական զինուժը անցյալ շաբաթվանից կարողացել է մտնել քաղաք, սակայն առայժմ որևէ լուրջ առաջխաղացում չկա:

Ալ-Բաբը գրավելու դեպքում, թուրքական կողմի հայտարարությունների համաձայն, իրենք նպատակ ունեն շարժվել երկու հնարավոր ուղղություններով՝ կա´մ ԻՊ կենտրոն Ռաքքա, կա´մ քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ: Սակայն Razm.info-ի հետ զրույցում թուրք քաղաքագետ Ալի Բայրամօղլուն և Ստամբուլի անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Ֆրանսուա Պերուզը նշում են, որ Թուրքիայի հայտարարությունների ոչ միշտ են արտացոլում ամբողջ իրողությունը:

Մասնավորապես անդրադառնալով Ռաքքայի ուղղությամբ թուրքական զինուժի հնարավոր առաջխաղացումը՝ Բայրամօղլուն նշեց.

«Թուրքիան չի կարող ինքնագլուխ հարձակվել Ռաքքայի վրա, պետք է համաձայնության գալ թե´ Ռուսաստանի, թե´ Միացյալ Նահանգների հետ։ ԱՄՆ-ի հետ այդ հարցում աշխատում է, սակայն չեմ կարծում, թե Ռաքքայի վրա կկարողանա հարձակվել։ Ավելի շատ կարծում եմ, որ Միացյալ Նահանգները Ռաքքան քրդերին կթողնի։ Թուրքիային մոտ 90 կիլոմետրանոց միջանց կտան, իսկ մնացածը կհանձնեն քրդերին»։

Ինչ վերաբերում է քրդերի դեմ հնարավոր լայնածավալ գործողություններին, ապա անցյալ շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարար նշել էր, որ դրա համար իրենք բանակցում են ամերիկյան կողմի հետ, սակայն առայժմ արդյունք չկա: Թուրքիայի արդի քաղաքականության մասնագետ Ֆրանսուա Պերուզը նշում է, որ սրանք ընդամենը հայտարարություններ են․

«Ես կարծում եմ, որ պետք է զգուշանալ, չվստահել այդ հայտարարություններին: Թուրք քաղաքական գործիչները սիրում են շատախոսել։… Նա ունի միայն մեկ առավելություն, որ գտնվում է տարածաշրջանում։ Սակայն Թուրքիան Սիրիայում ունի զոհեր, իսկ թուրքական քաղաքականությունը սահմանափակված է Ռուսաստանի և Ամերիկայի քաղաքականությամբ։ Հետևաբար, Թուրքիան երբևԷ չի կարող դավեր նյութել քրդական ուժերի դեմ։ Միուցե դա հնարավոր լինի անուղղակի, բայց ոչ երբեք ուղղակի եղանակով»:

Խոսելով նշված անուղղակի եղանակներից, արաբագետ Արմեն Պետրոսյանն իր հերթին նշել էր, որ վերջին շրջանում Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Թուրքիայի աջակցությամբ ստեղծվում են խմբավորումներ, որոնց նպատակը քրդերի դեմ ներսից պայքարելն է:

Ինչ վերաբերում է թուրք-սիրիական հարաբերություններին, ապա քաղաքագետ Բայրամօղլուն կարծում է, որ ներկայում նման ուղղակի բախման հնարավորությունը պակասել է, քանի որ փոխվել են Թուրքիայի հիմնական նպատակները:

«Թուրքիայի դիրքորոշումը երկար ժամանակ ուղղված էր Ասադի դեմ, սակայն ներկայում գլխավոր խնդիրը դիտարկում է քրդական խնդիրը, Սիրայում քրդական ինքնավար շրջանի ստեղծումն է դիտարկվում։ Եվ սրան խանգարելու համար, Ասադի հետ չճանաչված, չհիշատակվող, սակայն համագործակցություն կա»։

Ավելացնենք, որ Թուրքիան մշտապես հայտարարել է Սիրիայում իր ունեցած մի քանի առաջնային նպատակների մասին.

  • Թույլ չտալ, որ իր սահմանի երկայնքով ձևավորվի քրդական պետություն
  • Սահմանները մաքրել «Իսլամական պետության» զինյալներից
  • Սիրիայում օժանդակել իր վերահսկողության գոտում գտնվող սուննի կառավարության ստեղծում

Սակայն, ինչպես արդեն տեսանք, ներկայում Սիրիայում որևէ ուային կենտրոն չի կարող միայնակ որոշում կայացնել՝ առանց հաշվի առնելու բոլոր կողմերի շահերը: Իսկ դա Թուրքիայի արդեն թույլ չի տալիս գնալ ավելի արմատական քայլերի:

One response to “Սիրիայի քրդերը շարժվում են ԻՊ կենտրոն Ռաքքա, Թուրքիան ռմբակոծել է քրդերի դիրքերը

  1. Pingback: ԻՊ-ին չեզոքացնելուց հետո Թուրքիան դուրս կգա Սիրիայից. Էրդողանի խորհրդական | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *