Սիրիայի Մանբիջ քաղաքում գործողությունները պետք է համակարգվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ. Թուրքիայի վարչապետ

Մարտի 6-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային՝ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքում գործողություններ իրականացնելու որևէ իմաստ չկա՝ առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ գործողությունների համակարգման ապահովվման: Փոխացնում է թուրքական A Haber հեռուստալիքի կայքը:

«Առանց ամերիկյան և ռուսական կողմերի հետ գործողությունների համակարգման, այնտեղ ոչ մի էական արդյունքի չի լինի, իրավիճակը էլ ավելի կբարդանա, այդ պատճառով էլ այս պահին ռազմական և տեխնիկական հարցերի շուրջ բանակցություններ են իրականացվում»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Յըլդըրըմը հայտնել է, որ եթե կողմերը ցանկանան, կարող են նաև Սիրիայի Մանբիջ քաղաքում գործողությունների իրականացման համար եռակողմ մեխանիզմ ստեղծել: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի համար Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը» (YPG) «ահաբեկչական կառույցներն են» և Թուրքիայի հստակ պահանջն է, որ Սիրիայի քրդական ուժերը Մանբիջից դուրս գան և տեղափոխվեն Եփրատ գետի արևելք:

Նշենք, որ մինչ այս, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո թուրքական կողմը առանջահերթությունը տվել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել էր, որ Ալ-Բաբից հետո ուղղությունը լինելու է դեպի Մանբիջ:

Մամուլում և սոցցանցերում նաև տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիայի զինուժի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման թյուրքմեն զինյալները շարունակում են գրոհել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքը և արդեն գրավել են հարակից մի քանի բնակավայր:

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Միևնույն ժամանակ մարտի 5-ին Մամբիջում ամերիկյան զրահամեքենաները հայտնվել են այն բանից հետո, երբ թուրքական կողմը հայտարարել էր, որ Ալ-Բաբը գրավելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախը կլինի Մամբիջը: Մինչ այս՝ 2017-ի երկու ամիսների ընթացքում, Սիրիայի քրդերը ԱՄՆ-ից որպես օգնություն երկու անգամ ստացել են տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ (1, 2):

Նշենք, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին դիտում է, որպես ԻՊ դեմ կռվող հիմնական ուժ և դաշնակից: Ի տարբերություն ամերիկյան կողմի՝ Թուրքիան քրդական կառույցները մշտապես անվանում է «ահաբեկչական կառույցներ» և մի քանի անգամ մեղադրել է ամերիկյան կողմին «ահաբեկիչներին աջակցելու համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *