Ռուսաստանյան Ս-300 համակարգի իրանական տարբերակի՝ «Բավար-373-ի» փորձարկումները նախատեսվում է ավարտել 2017 թվականի մայիսի 23-ին։ Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը մարտի 5-ին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։
Ըստ Դեհղանի՝ համակարգի փորձարկումները 5 փուլով են նախատեսված, դրանից 3-ը արդեն իրականացվել է, 4-րդ փուլը, որ պետք է իրականացվեր փետրվար-մարտ ամիսներին, տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է։ Այնուամենայնիվ, չնայած հնարավոր ստեղծվելիք խնդիրներին, նախատեսվում է փորձարկումներն ավարտին հասցնել մայիսին։
Դեհղանը միաժամանակ հայտնել է, որ «գալիք տարում» (իրանական օրացույցով 2017թ. մարտի 20- 2018 մարտի 20) Իրանը կսկսի տեղական արտադրության «Ղահեր-313» կործանիչի փորձարկումները, իսկ մինչև տարեվերջ կներկայացնի «Քարար» տանկը և «Սաբա» ուղղաթիռը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Ամիր Հաթամին հայտարարել էր, որ Իրանը փորձարկում է «Բավար-373» զենիթահրթիռային համակարգը։ Փորձարկումները շարունակվելու են մինչև զինված ուժերին այդ համակարգերի տրամադրումը։
Հիշեցնենք նաև, որ Իրանը արդեն փորձարկել է Ռուսաստանից գնած Ս-300 ԶՀՀ-ները։
«Բավար-373» համակարգն Իրանն առաջին անգամ ներկայացրել է 2016-ի օգոստոսին։ Իրանական կողմը մանրամասներ չի տրամադրել ՀՕՊ համակարգերի մասին: Հայտնի է, որ համակարգի ռադարն իր պարամետրերով նման է ռուսաստանյան Ս-300-ի համակարգին: Իրանական կողմի պնդմամբ՝ մարտավարատեխնիկական բնութագրերով իրենց ստեղծած համակարգը չի զիջում ռուսաստանյան Ս-300-ին:
«Բավար-373» ԶՀՀ-ների արտադրության աշխատանքները Իրանը սկսել էր դեռևս 2010 թ.՝ այն ներկայացնելով որպես ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ների համարժեք: Խնդիրն այն էր, որ Իրանը այդ ժամանակ միջազգային պատժամիջոցների պատճառով չէր կարողանում նման համակարգեր գնել գնել Ռուսաստանից: