Թուրքական ուժերի հետ բախումներում սպանվել են Սիրիայի ԶՈւ զինծառայողներ

Սիրիայի կառավարարական ուժերի աղբյուրները հայտնում են, որ մարտի 9-ին թուրքական զինուժը հրթիռներով հարվածել է Հալեպից հյուսիս՝ Մանբիջ քաղաքին մոտ տեղակայված շրջաններում Սիրիայի ԶՈւ դիրքերին․ սպանվել են Սիրիայի ԶՈւ զինծառայողներ։ Փոխանցում է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։

Նույն օրն ավելի վաղ քրդական աղբյուրներից մեկը հայտնել էր, որ սպանվել է Սիրիայի ԶՈւ 8 «սահմանապահ»։ Հնարավոր է, որ խոսքը նույն մարդկանց մասին է, սակայն չի բացառվում, որ նշված կորուստները տարբեր են։

Սիրիայի պետական գործակալությունը նշում էր, որ Թուրքիայի նպատակը Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը կանխելն է։

Նշենք, որ վերջին տասը օրվա ընթացքում Սիրիայի այդ հատվածներում նշանակալի փոփոխություններ են գրանցվել։ Նախ Թուրքիայի զինուժը ամրապնդվեց Ալ-Բաբ քաղաքում և հարակից շրջաններում։

Սակայն դրան զուգահեռ Սիրիայի կառավարության և տեղի քրդական ուժերի պայմանավորվածություն արդյունքւոմ սիրիական զինուժը նախ հարավից փակեց Թուրքիայի առաջխաղացման ճանապարհը, ապա՝ Մանբիջից արևմուտք ընկած գծով տեղակայեց իր ստորաբաժանումները, որպեսզի Թուրքիան չկարողանա առաջ շարժվել նաև քրդերի վերահսկած շրջաններ։

Ստեղծված իրավիճակում Թուրքիան, եթե ցանկանում է շարժվել «Իսլամական պետության» կենտրոն, կամ ուղղակի քրդական Մանբիջ՝ պետք է բախման մեջ մտնի սիրիական զինուժի հետ, ինչին ականատես ենք լինում։ Սակայն դեռևս ակնհայտ բախումներ չկան երկու երկրների զինված ուժերի միջև, քանի որ այստեղ Ռուսաստանի գործոնը բավականին մեծ է։

Թուրքիայի վարչապետը ևս ավելի վաղ նշել էր, որ Մանբիջի հարցը իրենք պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։ Իսկ արդեն մարտի 7-ին այս խնդիրները քննարկելու համար Թուրքիայում հանդիպել էին ԱՄՆ, Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը։

Սիրիայի հյուսիային հատվածը՝ 09․03․2017 թ․ դրությամբ։ Կարմիրը Սիրրիայի ԶՈւ վերահսկած շրջանն է, դեղինը՝ քրդեր, կանաչը՝ Թուրքիա և հովանավորյալ զինյալներ։ Մոխրագույնով ԻՊ տարածքներն են։

Սիրիայի հյուսիային հատվածը՝ 09․03․2017 թ․ դրությամբ։ Կարմիրը Սիրրիայի ԶՈւ վերահսկած շրջանն է, դեղինը՝ քրդեր, կանաչը՝ Թուրքիա և հովանավորյալ զինյալներ։ Մոխրագույնով ԻՊ տարածքներն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *