Մարտի 6-ին Աֆղանստանում տեղակայված «Բաղրամ» ավիաբազայում անցկացվել է պլանային զորավարժություն, որին մասնակցել են նաև Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի և Վրաստանի ազգային գվարդիայի արագ արձագանքման դասակի զինծառայողները: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Վրաստանցի զինծառայողները Աֆղանստանում են գտնվում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության շրջանակներում:
Վրաստանցի խաղաղապահները կատարել են պայմանական ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվածներին օգնություն ցույց տալու վարժանքներ, ինչպես նաև մասնակցել են իրավիճակային և օդադեսանտային վարժանքների մշակմանը: Զորավարժությունը անցկացվել է «Բաղրամ» ավիաբազային տարբեր հատվածներում:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումները ամերիկացի զինծառայողների հետ միասին ապահովում են «Բաղրամ» ավիաբազայի անվտանգությունը:
Նույն առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ խաղաղապահական բրիգադի շուրջ 130 զինծառայող: «Վճռական աջակցություն» առաքելությունը մարտական չէ: Դրա հիմնական նպատակը Աֆղանստանի զինված կառույցների անձնակազմերի պատրաստումն է: