Թուրքիայի ժանդարմերիան ստացել է տեղական հարվածային ԱԹՍ-ներ

Մարտի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկրի ներքին գործերի նախարարության ժանդարմերիայի ուժերին հանձնել են տեղական արտադրության 6 միավոր «Բայրաքթար» (Bayraktar) անօդաչու թռչող սարք, որից երկուսը՝ հարվածային:

Ավելի վաղ՝ 2016 թ. սեպտեմբերին թուրքական նշված ԱԹՍ-ի հարվածային տարբերակը փորձարկել էին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները: Նշված անօդաչուներն օգտագործվել էին Թուրքիայի տարածքում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններում:

Դատելով նրանից, որ քրդերի դեմ պայքարում երկրի ներսում հիմնականում ներգրավված են հենց ժանդարմերիայի ստորաբաժանումները՝ ամենայն հավանականությամբ, այս նոր խմբաքանակը ևս նախատեսված է առավելապես հենց քրդական կառույցի դեմ գործողությունների համար:

Անօդաչուի հետախուզական տարբերակները թուրքական զինուժի սպառազինությունը համալրել էին 2015 թվականից: Վերջիններս ակտիվորեն օգտագործվում են Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈւ գործողություններ ընթացքում:

Ինչ վերաբերում է հենց հարվածային տարբերակին՝ ապա «Բայրաքթար» ԱԹՍ-ն 2016 թ. դեկտեմբերի 17-ին ավարտել էր թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության հակատանկային հրթիռների արձակման փորձարկումները:

Փորձարկումների ընթացքում անօդաչուն 5 հազար մետր բարձրությունից արձակել է 2 միավոր 37,5 կգ UMTAS հակատանկային հրթիռ և խոցել է 8 կմ հեռավորության վրա` գետնին տեղակայված 2×2 մ մակերեսով թիրախը:

UMTAS հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով։ Հրթիռի խոցման առավելագույն հեռահարությունը հենց 8000 մետր է, նվազագույնը՝ 500, տրամաչափը՝ 160 մմ, երկարությունը՝ 1800 մմ, իսկ զանգվածը 37,5 կգ է։

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *