Մինչ օրս Սիրիայում և Իրաքում Իրանի կողմից կռվող 2000-ից ավելի մարտիկ է սպանվել

Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։ Այս մասին մարտի 6-ին փոխանցում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Մահալաթին չի մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ:

Սիրիայում սպանված իրանցի մարտիկների թաղում

Սիրիայում սպանված իրանցի մարտիկների թաղում

Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:

Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ:

Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են  զոհվում, այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Հիշեցնենք, որ հունվարին իրանական լրատվամիջոցները հայտարարեցին Սիրիայում սպանված ևս մեկ իրանցի գեներալի մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *