Մարտի 9-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման հարցը պետք է քննարկի երկրի ազգային անվտանգության խորհուրդը: Փոխանցում է թուրքական TRT Türk պետական հեռուստառադիոընկերության կայքը:
Նա նշել է, որ որոշում կընդունվի ԱԱԽ առաջարկության հիման վրա: Թուրքիայում ԱԱԽ խորհրդի նիստը անցկացվում է Թուրքիայի նախագահի ղեկավարությամբ:
Ներկայում շարունակվող «արտակարգ դրության» ժամկետը լրանալու է ապրիլի 19-ին: Հատկանաշական է այն, որ Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել, և երկրում ցանկացած տեսակի խռովություն կանխելու համար հնարավոր է երկրի իշխանությունները «արտակարգ դրությունը» երկարաձգելու որոշում ընդունեն, որպեսզի հնարավորինս խոսափեն ընտրական և հետընտրական շրջանում բողոքներից, ցույցերից, խռովություններից:
Մինչ այս՝ 2017-ի հունվարի 3-ին, Թուրքիայի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում 2016-ի հուլիսին հաստատված «արտակարգ դրություն» հունվարի 19-ից սկսած ևս 3 ամսով երկարաձգելու մասին: Մինչ այդ, ևս 3 ամսով երկարաձգվել էր հոկտեմբերի 11-ին:
Թուրքիայում 3-րդ անգամ «արտակարգ դրության» երկարաձգման պայմաններում, ժամկետը կհասնի մինչև հուլիսի 20: Այսինքն երկարաձգման դեպքում Թուրքիայում 1 տարի շարունակ «արտակարգ իրավիճակ» հաստատված կլինի:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Դեկտեմբերի դրությամբ ռազմական հեղաշրջման հետ առնչություն ունենալու համար շուրջ 22,000 մարդ հեռացվել է երկրի զինուժից: Նրանցից 6,400-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են: