Մարտի 9-ին Թուրքիայի օդուժի կործանիչները հարվածել են Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Հարվածների արդյունքում ոչնչացել է Իրաքի հյուսիսում քրդական կառույցի 3 թիրախ: Գործողությունն ավարտելուց հետո Թուրքիայի օդուժի ինքնաթիռները վերադարձել են մշտական տեղակայման վայր:
Հիշեցնենք, որ Իրաքի նույն շրջաննում PKK-ի դիրքերին Թուրքիայի օդուժը հարվածել է նաև մարտի 8-ին: Թուրքիայի օդուժը վերջին շրջանում հաճախ է հարվածներ հասցնում Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին:
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում՝ Աբդուլլահ Օջալանի կողմից, ով ցմահ ազատազրկված է Մարմարա ծովի Իմրալը կղզում (Թուրքիայի կազմում)։
PKK-ի և Թուրքիայի ուժայինների միջև բախումները սկսել է 1984 թվականին և պարբերաբար դադարեցվելով շարունակվում են մինչև այժմ: Բացի Թուրքիայի ներսում քրդական կառույցի դեմ պայքարից, Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում Իրաքում PKK-ի դիրքերին: