ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում մարտական հերթապահությունում ընդգրկվածների 70 տոկոսը պայմանագրային է • Հունվարին բյուջետային ծախսերի 20 տոկոսն ուղղվել է պաշտպանությանը • Արտասահմանում բուժվելիս զինհաշմանդամները թոշակ կստանան լիազորագրով • «Իսկանդերի» մասին հայտարարության նպատակը տաք գլուխները սառեցնելն էր. Վիգեն Սարգսյան • ՀՀ նախագահ. Նոր պատերազմի վտանգը մշտական է, քանի դեռ Ադրբեջանը տեսնում է ռազմական լուծում • Ադրբեջանական հարձակման օրերին ՀՀ ԶՈւ-ն ստուգել է «Սկադ» հրթիռները • ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են ուսումնա-մարտական միջոցառումներ • Կաշառքով զինծառայությունից ազատելու գործով կալանավորվել է 2 հոգի • Հայաստանը և Մեծ Բրիտանիան ստորագրել են 2017-2018 թ. համագործակցության պլանը • ՀՀ ԱԻՆ-ում քննարկվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի հագեցման ծրագիրը • ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովին • ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին • Վիգեն Սարգսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարին • ՀՀ ԶՈւ զինծառայողները ավարտել են Վրաստանում լեռնային պատրաստության դասընթացը • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները և վարորդները վարժանքներ են անցկացնում Հայաստանում

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը • Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի վերապատրաստման դասընթացը • Հայկական զինված ուժերի «Սկադ» հրթիռային համալիրի մարզումներ (փետրվար 2017) • ՀՀ ԶՈւ զինծառայող. Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի
• ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարությունը մտադիր է 2017-ին «դիրքերից իջեցնել» ժամկետային զինծառայողներին: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գնդապետ Գրիգորի Խաչատուրովը: Գնդապետի խոսքով՝ այս պահին մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի 70 տոկոսն արդեն իսկ պայմանագրային է:
• 2017 թվականի հունվարին պաշտպանությանն ուղղված ՀՀ պետբյուջեի ծախսերը 21,7 տոկոսով աճել են 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի հունվարին ռազմական ոլորտում ծախսվել է 9,5 մլրդ դրամ, իսկ 2017-ի հունվարին՝ 11,6 մլրդ դրամ:
• Մարտի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունվելու դեպքում բուհերում սովորող անձի և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը կվերսկսվի լիազորագրով:
• «Եթե որևէ մեկն «Իսկանդեր» համակարգերի վերաբերյալ իմ խոսքերն ընկալել է որպես սպառնալիք` նա իրավացի է», — հայտարարել է ՀՀ պաշտպանություն նախարար Վիգեն Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Նա նաև նշել է, որ հայկական կողմն, այնուամենայնիվ, ձգտում է, որ էսկալացիան այդ աստիճանի չհասնի:
• Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային ուժերին կոչ է արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմից խուսափելու համար: ՀՀ նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևը սաբոտաժի է ենթարկում առաջընթացը [բանակցային գործընթացում]՝ սպառնալով մարտեր սկսել իր պահանջները չկատարելու դեպքում: Ալիևի այս պահանջին պատասխանելով՝ Սարգսյանը նշել է, որ դա շանտաժ է, ոչ թե փոխզիջում:
• Փետրվարի 25-ին Արցախի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակումների ժամանակ մարզումներ են անցկացվել Հայաստանի ԶՈւ սպառազինության «Սկադ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ստորաբաժանումներում: Հրապարակված տեսանյութում նշվում է, որ այդ օրերին «հայ մասնագետները ստուգում են բալիստիկ հրթիռը»:
• Մարտի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անձնակազմին մարզելու, տարբեր իրավիճակներում անձնակազմի ճիշտ և ներդաշնակ գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պլանային ուսումնա-մարտական միջոցառումներ:
• Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ:
• Մարտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Մեծ Բրիտանիայի ՊՆ միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ ՊՆ-ում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները:
• ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին: Նախարարը Տոնոյանը հյուրերին ներկայացրել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունը
• Մարտի 6-ին ՀՀ ՊՆ տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովին: Անցկացվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
• Մարտի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ գոտիներում քաղաքացիական և համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը:
• Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
• Մարտի 10-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող բազային պատրաստության երեքշաբաթյա դասընթացը: Դասընթացին մասնակցում էին ՀՀ ԶՈւ երեք զինծառայող: ՀՀ ԶՈւ զինծառայողների հետ միասին պատրաստություն էին անցնում նաև զինծառայողներ Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից, Հունգարիայից և Լիտվայից:
• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները և անվավոր տեխնիկայի վարորդները վարժանքներ են սկսել «Կամխուդ» զորավարժարանում։