Թուրքիայի զինուժը ռազմական գործողություն է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում: Գործողությանը ներգրավված է Թուրքիայի զինուժի 4 գումարտակ և 17 ուղղաթիռ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Դիարբեքիրի Լիջե գավառի 18 շրջաններում «փողոց դուրս գալու արգելք» է հայտարարվել, ինչից հետո սկսվել է գործողությունը:
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտնել է, որ գործողությանը մասնակցում է ժանդարմերիայի շուրջ 7000 զինծառայող, ոստիկանության հատուկ նշանակության ուժերի 600 զինծառայող, 559 «գյուղական պահապան» (köy korucu): Բացի այդ գործողություններին ներգրավվել են Թուրքիայի զինուժի 33 միավոր «Կոբրա», 35 միավոր «Քիրփի» և 16 միավոր «Էժդեր» զրահամեքենաներ:
Աղբյուրի համաձայն՝ Դիարբեքիրում գործողության ժամանակ հայտնաբերվել են քրդական կառույցի մի քանի թաքստոց, ապաստարան և պահեստ, «շարքից հանվել են» PKK-ի զինյալներ:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Թուրքիայի ժանդարմերիան PKK-ի դեմ գործողություններ է իրականացրել երկրի արևելյան Աղրը (Արարատ) և Թոնդրակ լեռների շրջանում (ՀՀ սահմանամերձ Աղրը և Իգդիր նահանգներ):
Հիշեցնենք, որ թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: