Մարտի 9-ին Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2017-18 թթ. ֆինանսական տարվա համագործակցության ծրագիրը: Կողմերը համագործակցում են ռազմական վարժանքների, կրթության և խաղաղապահական առաքելությունների ոլորտներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նույն օրն ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել էր Մեծ Բրիտանիայի ՊՆ միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրին:
Կողմերն ի թիվս այլ հարցերի անդրադարձել էին Աֆղանստանում Ադրբեջանի խաղաղապահ բրիգադի ծառայությանը:
Հիշեցնենք, որ նմանատիպ փաստաթուղթ Մեծ Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչը ավելի վաղ՝ մարտի 6-ին, ստորագրել էր Հայաստանի, ապա նաև Վրաստանի հետ: