Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 25 փետրվարի – 4 մարտի, 2017

Հայտնի է դարձել փետրվարի 25-ից մարտի 3-ը Ադրբեջանի ԶՈւ սպանված 9 զինծառայողի անուն • 2017-ի փետրվարին Ռազմինֆոյի արձանագրած Ադրբեջանի ԶՈւ հայտնի 10 կորստից 9-ը մարտական են • Ադրբեջանը հայտնում է Պակիստանի հետ զենքի ներկրման պայմանավորվածության մասին • Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի • Վրաստանը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից • 2010 թվականից Հվ. Օսիայի և Վրաստանի սահմանին ձերբակալվել է Վրաստանի 915 քաղաքացի • Հրապարակվել է Իրանում Ս-300 ԶՀՀ-ների փորձարկումը ներկայացնող տեսանյութ • Իրանի զինուժում ստեղծվել է ԱԹՍ-ների կազմավորում • Իրանը փորձարկում է «Բավար-373» ԶՀՀ-ն • Իրանի ՌԾՈւ զորավարժությանը տեղական արտադրության տորպեդ է փորձարկվել • Իրանի բանակի ՌԾՈւ զորավարժությանը տեղական արտադրության նոր հրթիռներ են փորձարկվել • ԻՀՊԿ-ն կարող է առգրավել Իրանի ջրային տարածք մտած ցանկացած քաղաքացիական նավ • Թուրքիայի զինուժը ժամանակավոր բազա է դրել Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ • Թուրքիան չեղարկել է «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության պայմանագիրը • Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. մարտի դրությամբ • Փետրվարի 27-ին Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող • Թուրքական TAI ընկերությունը և Sikorsky-ին Թուրքիայի համար ուղղաթիռներ կարտադրեն • Թուրքիայում բանակցում են 2-րդ դեսանտային նավի կառուցման համար • Թուրքական ընկերությունը բանակցում է Ավստրիային թևավոր հրթիռներ վաճառելու շուրջ • Դիարբեքիրում պայթյունի հետևանքով գնացքի 8 վագոն դուրս է եկել երկաթգծից • Թուրքիան PKK-ի դեմ լեռնային գործողություններին ներգրավել է նաև ՌԾՈւ ստորաբաժանումները • PKK-ի դեմ մարտերի ներգարվվել է նաև Թուրքիայի ՌԾՈւ ծովային հետևակը • Թուրքիայի զինուժը զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի սահման • Սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան • Իրաքի օդուժը Սիրիայում հարվածել է ԻՊ  դիրքերին • 2017-ին ԱՄՆ-ն երկրորդ օգնությունն է փոխանցում Սիրիայի քրդերի գլխավորած կառույցին • Թուրքիայի զինուժը Սիրիայում շարժվում է քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ • Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը • Սիրիայում վիրավորվել է ՌԴ ԶՈւ գեներալ • Քրդերը կարող են ներգրավվել ԻՊ կենտրոն Ռաքքայի դեմ գրոհին. ԱՄՆ • ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը սխալմամբ ռմբակոծել է Սիրիայի քրդերին

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող, լեյտենանտ Նազարով Շահլար Յաշար օղլու • Ադրբեջանցի սպանված զինծառայողների՝ միջդիրքային գոտում մնացած դիակները (25.02.2017) • Իրանական «Վալֆաջր» տորպեդը • PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների զինծառայողները

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող, լեյտենանտ Նազարով Շահլար Յաշար օղլու • Ադրբեջանցի սպանված զինծառայողների՝ միջդիրքային գոտում մնացած դիակները (25.02.2017) • Իրանական «Վալֆաջր» տորպեդը • PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների զինծառայողները

 

Ադրբեջան / Վրաստան

• Փետրվարի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է տրամադրել  Արցախի սահմանին մարտերի և իր ԶՈւ կորուստների վերաբերյալ՝ ավելի ուշ հրապարակելով Արցախի դիրքերի գրոհած, սպանված և միջդիրքային գոտում մնացած իր 5 զինծառայողի անունները։

Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, փետրվարի լույս 27-ի գիշերը վիրավորվել, ապա հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ահմադով Էլվին Սուլեյման օղլուն (Əhmədov Elvin Süleyman oğlu): Ահմեդով Էլվինը վիրավորվել է փետրվարի 27-ին Թարթառի ուղղությամբ ընթացող մարտերում։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլու (Əhmədov Elvin Süleyman oğlu):

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլու (Əhmədov Elvin Süleyman oğlu):

Փետրվարի լույս 28-ի գիշերը ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուլ Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզալիև Փարվիզ Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu):

Մարտի 2-ին Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu): Զինծառայողի մահվան փաստը հաստատել է նաև նրա գյուղապետը։  Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական կողմի կրակոցից։

Մարտի 3-ին սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառումներից պարզ է դարձել, որ մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մանսիմով Ջելալը (Mənsimov Cəlal): Նշվում է, որ զինծառայողը մահացել է «Արցախի սահմանին մղվող մարտերում»:

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 10 դեպք, որից 9-ը մարտական կորուստներ են:

• Ադրբեջանական կողմը հայտնում է, որ փետրվարի 28-ին Պակիստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են հասել Ադրբեջանին Պակիստանի արտադրության զենքեր տրամադրելու շուրջ: Սակայն Պակիստանի կառավարության տարածած հաղորդագրությունում նման բան չի հիշատակվում:

Ադրբեջանի նախագահ Իսլամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը

Ադրբեջանի նախագահ Իսլամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը

• Մինչև այժմ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի 900 քաղաքացի. այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը:

• Վրաստանի բանակը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից և հանում է դրանք զինված ուժերի սպառազինությունից: Որոշման պատճառն այն է, որ ինքնաթիռների պահպանումն ու սպասարկումը թանկ է նստում: Ավելին, ԶՈւ կազմում եղած այս գրոհիչներից գրեթե ոչ մեկը թռիչքներ չէր իրականացնում:

• 2010 թվականից Հարավային Օսիայի սահմանը խախտելու համար ձերբակալվել է Վրաստանի 915 քաղաքացի։Ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվում 2000 ռուբլի (~16000 ՀՀ դրամ) գրավի դիմաց: 2017-ի հունվարից մինչև փետրվարի 21-ը ձերբակալվել է Վրաստանի 12 քաղաքացի։

 

Իրան

• Համացանցում է հայտնվել Իրանում ռուսաստանյան Ս-300 զենիթահրթիռային համալիրների փորձարկման տեսագրությունը։ Փորձարկումը կատարվել է Իրանի հյուսիսարևմտյան Սեմնան նահանգում։

• Իրանը փորձարկում է նաև տեղական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը։ Փորձարկումները շարունակվելու են մինչև զինված ուժերին այդ համալիրների տրամադրումը։

• Փետրվարի 26-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերը  Հնդկական օվկիանոսի հյուսիսում սկսել են «Վելայեթ-95» զորավարժության հիմնական փուլը։ Զորավարժությունն ընդգրկում է  2 մլն քառակուսի կիլոմետր տարածք՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուց։

Զորավարժության երրորդ օրը Իրանի բանակի ռազմածովային ուժերի պայմանական հակառակորդի թիրախն է խոցել «Ղադիր» դասի սուզանավից արձակված «Վալֆաջր» տորպեդը։ «Վալֆաջր» տորպեդի նախագծման աշխատանքները սկսվել են 2011-ին։ Արտադրական գիծը բացվել է 2015-ից։ Նախատեսված է ծովային տարբեր թիրախներ խոցելու համար։

Իրանական «Վալֆաջր» տորպեդը

Իրանական «Վալֆաջր» տորպեդը

• Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը ստեղծել են ԱԹՍ-ների կազմավորում և կենտրոն, որը տեղակայվելու է ԻՀՊԿ ցամաքային ուժերի գործողությունների տարածքներում։

• Փետրվարի 28-ին ԻՀՊԿ-ն և Իրանի նավահանգիստների ու նավագնացության կազմակերպությունը ստորագրել են «Փոխըմբռնման հուշագիր», որով ԻՀՊԿ նավատորմին պաշտոնապես թույլատրվում է առգրավել Պարսից ծոցի իրանական ջրային տարածք մուտք գործած ցանկացած օտարերկյա առևտրային և ձկնորսական նավ։

 

Թուրքիա

• Փետրվարի 28-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Թուքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ բնակավայրի մոտ տեղակայված Աքիլ բլրի վրա ժամանակավոր ռազմաբազա է հիմնել: Նշվում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա համաձայնությամբ՝ Թուրքիայի զինուժի և Սիրիայի բանակի միջև այդ հատվածում բախումներ չեն սպասվում առաջիկայում:

• Փետրվարի 24-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը չեղարկել է տեղական «Թյումոսան» (Tümosan) ընկերության հետ «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության նախագծի պայմանագիրը: Այս պայմանագրի չեղարկման հետևանքով կտրուկ 10 տոկոսով նվազել է թուրքական ընկերության բաժնետոմսերի գինը Ստամբուլի բորսայում:

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

• Թուրքիայի զինված ուժերի ԳՇ կայքը հրապարակել է ԶՈւ թվաքանակը՝ 2017 թ. մարտի 1-ի դրությամբ: Ըստ այդ տվյալների՝ թուրքական զինուժի և պաշտպանության նախարարության անձնակազմը 407.317 է, որից 38.607-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 368.710-ը՝ զինծառայողներ։

• Փետրվարի 27-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ շրջանում Թուրքիայի զինուժի զինծառայողների ականազերծման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման աշխատանքների ժամանակ պայթյուն է եղել, ինչի գետևանքով վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող:

• Թուրքական ռազմարդյունաբերական TAI ընկերությունը ամերիկյան Sikorsky ուղղաթիռաշինական ընկերության հետ ստորագրել է Թուրքիայի ԶՈւ և այլ ուժային կառույցների համար 109 միավոր Տ-70 (S-70i Black Hawk) ուղղաթիռ արտադրելու շուրջ համագործակցության պայմանագիր:

• Թուրքական Sedef Gemi İnşaatı Sanayii ընկերության ռազմական նավերի շինարարության գծով մենեջեր Սելիմ Բուգդանօղլուն հայտնել է, որ ընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ` «Անադոլու» տեսակի դեսանտային 2-րդ նավի կառուցման համար:

Թուրքիայի նախագահը «Անադոլու» դեսանտային նավի շինրարական աշխատանքների մեկնարկի արարողության ժամանակ:

Թուրքիայի նախագահը «Անադոլու» դեսանտային նավի շինրարական աշխատանքների մեկնարկի արարողության ժամանակ:

• Թուրքական Roketsan («Ռոքեթսան») ընկերությունը հնարավոր է Ավստրիայի զինված ուժերի նոր սերնդի F-35 կործանիչների համար թևավոր հրթիռներ վաճառի: Սակայն առկա որևէ համաձայնության մասին առայժմ չի նշվում, ընթանում են բանակցություններ:

• Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում երկաթգծի վրա պայթյուն է եղել՝ Բաթման նահանգից եկող բեռնատար գնացքի անցման ժամանակ: Պայթյունի հետևանքով գնացքի 8 վագոն դուրս է եկել ռելսային գծերից:

• Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության հրամանատարությունների և ամֆիբիայի ծովային հետևակի ստորաբաժանումների զինծառայողները մասնակցում են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի ԶՈւ գործողություններին:

• Փետրվարի 27-ին Թուրքիայի ԶՈւ Հաքքարի նահանգում տեղակայված 5-րդ հատուկ նշանակության բրիգադը գործողություններ է իրականացրել «Քրդաստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Հաքքարի նահանգի Չուքուրջա, Յուքսեքովա գավառներում և թուրք-իրաքյան սահմանին գտնվող Հիսար լեռներում: Աղբյուրի համաձայն՝ գործողությունների հետևանքով քրդական կառույցի մեծ թվով զինյալներ «շարքից հանվել են»:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 5-րդ բրիգադը և ՌԾՈւ ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 5-րդ բրիգադը և ՌԾՈւ ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ:

• Թուրքիայի զինված ուժերի սպառազինությունում առկա «Կոբրա 2» (Cobra-2) զրահամեքենաների մի մասը տեղակայվել են թուրք-սիրիական սահմանին՝ Թուրքիայի սահմանային անվտանգությունը ապահովելու համար: Փետրվարի 26-ին Թուրքիայի զինված ուժերը երկրի տարբեր նահանգներից ռազմական մեքենաներ են տեղափոխել երկրի հարավային Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիայի սահմանակից Էլբեյլի գավառ: Ռազմական մեքենաների շարասյանը ուղեկցել են Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը:

 

Սիրիա / Իրաք

• Մարտի 2-ին Սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Պալմիրայում: Կառավարական ուժերը տարբեր ուղղություններով գրոհել են քաղաքի արվարձանները և վերահսկողություն հաստատել քաղաքի պատմական կենտրոնում, արևմտյան և հարավային հատվածներում:  ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել և իրականացվել է ռուսաստանցի ռազմական խորհրդատուների ղեկավարությամբ:

• Փետրվարի 24-ին Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերին հրամայել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածել նաև Սիրիայի տարածքում:

• Փետրվարի 26-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքից հարավ-արևելք գտնվող Թադեֆ բնակավայրի մոտ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների միջև: «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հայտնել է, որ բախումների արդյունքում սպանվել է կառավարական ուժերի 22 զինծառայող:

• Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող, քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը Միացյալ նահանգներից ստացել է տարբեր տեսակի զենք և զրահափոխադրիչներ:

• Մարտի 3-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո թուրքական կողմը առանջահերթությունը տվել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքին, և այդ ուղղությամբ մեծ տեղաշարժ կա: Ավելի ուշ թուրքական կողմը հայտարարում է, որ իրենց աջակցությամբ գործող թյուրքմենները շարունակում են գրոհել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքը և արդեն գրավել են հարակից մի քանի բնակավայր:

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

• Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելք (վետո) են դրել Սիրիայի կառավարության դեմ բանաձևի ընդունմանը: ԱԽ բանաձևում նշվում էր, որ «Սիրիայի իշխանությունները կարող են կապ ունենալ այդ երկրի տարածում քիմիական զենքի կիրառման հետ»:

• Սիրիայում ականի պայթյունից ծանր վիրավորվել է ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի շտաբի՝ մարտական պատրաստության հարցերով ղեկավար, գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ֆոնտանկա» առցանց թերթը: Վիրավորվելու հետևանքով զինվորականը կորցրել է երկու ոտքը և աչքը:

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը

• Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատար, գեներալ Ստիվեն Թաունսենդը հայտարարել է, որ «Իսլամական պետության» կենտրոն Սիրիայի Ռաքքա քաղաքի գրոհին կարող են ներգրավվել Սիրիայի քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):

• Մարտի 1-ին Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատար, գեներալ Ստիվեն Թաունսենդը հայտարարել է, որ Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերը սխալմամբ ռմբակոծել են ԱՄՆ-ի օժանդակությամբ գործող Սիրիայի քրդերի և արաբների համատեղ խմբավորման դիրքերին:

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *