Փետրվարի 28-ին ԻՀՊԿ-ն և Իրանի նավահանգիստների ու նավագնացության կազմակերպությունը ստորագրել են «Փոխըմբռնման հուշագիր», որով ԻՀՊԿ նավատորմին պաշտոնապես թույլատրվում է առգրավել Պարսից ծոցի իրանական ջրային տարածք մուտք գործած ցանկացած օտարերկյա առևտրային և ձկնորսական նավ։
Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Կողմերը նախատեսում են նաև համագործակցություն բնապահպանական խնդիրների, որոնողափրկարարկան գործողությունների հարցերում։ Փոխանցում է PressTV լրատվական գործակալությունը։
Նշենք, որ ԻՀՊԿ-ն զբաղվում է նաև Իրանի տարածքային ջրերը օտարերկրյա ռազմանավերից պաշտպանելով։ Այստեղ հիմնականում միջադեպեր են գրանցվում ամերիկյան ռազմանավերի հետ։
Հիշեցնենք, որ 2017-ի հունվարին ԻՀՊԿ 4 կատեր մինչև 800 մետր մոտեցել էին ամերիկյան «Մահան» ականակիր ռազմանավին, ինչից հետո ականակիրը 3 անգամ նախազգուշացնող կրակ էր արձակել իրանական կատերների ուղղությամբ:
Ամերիկացի նավաստիները ռադիոկապով պահանջել էին իրանցիներից դանդաղեցնել նավերի ընթացքը, այնուհետև ուղղաթիռ էին օդ բարձրացրել և դրանից ծուխ բաց թողել, սակայն իրանցիները չէին արձագանքել այս զգուշացումներին, ինչից հետո էլ կատերների ուղղությամբ կրակ էր արձակվել:
Ավելի վաղ ՝ սեպտեմբերին, Իրանի ՌԾՈւ ռազմանավերից մեկը մինչև 91 մետր մոտեցել էր ԱՄՆ ռազմանավին, ինչի հետևանքով ամերիկյան ռազմանավը ստիպված էր եղել փոխել իր ուղղությունը: Օգոստոսին իրանական մեկ այլ ռազմանավ կրկին մոտեցել էր ամերիկյանին, ինչից հետո ԱՄՆ ռազմանավը 10 նախազգուշացող հրթիռներ էր արձակել, բայց Իրանի ռազմանավը շարունակել էր մոտենալ: Արդյունքում ԱՄն ռազմանավը հեռացել էր տարածքից:
2016-ի հունվարին էլ ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում ձերբակալել էր ԱՄՆ զինված ուժերի 10 զինծառայողների և առգրավել նրանց ռազմական պարեկային կատերները: Տարվա ընթացքում Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև գրանցվել են այլ միջադեպեր ևս։