Փետրվարի 27-ին Թուրքիայի ԶՈւ Հաքքարի նահանգում տեղակայված 5-րդ հատուկ նշանակության բրիգադը գործողություններ է իրականացրել «Քրդաստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Հաքքարի նահանգի Չուքուրջա, Յուքսեքովա գավառներում և թուրք-իրաքյան սահմանին գտնվող Հիսար լեռներում: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Հատկանշական է, որ քրդական կառույցի դեմ գործողություններին մասնակցում են նաև Թուրքիայի Իզմիր նահանգի Ֆոչա քաղաքում տեղակայված ռազմածովային ուժերի ամֆիբիա («երկկենցաղ») ծովային հետևակի բրիգադի զինծառայողները: Աղբյուրի համաձայն՝ գործողությունների հետևանքով քրդական կառույցի մեծ թվով զինյալներ «շարքից հանվել են»:
Նշենք, որ Թուրքիայի ԶՈւ 5-րդ հատուկ նշանակության բրիգադը PKK-ի դեմ լեռներում գործողություններ իրականացնող հիմնական բրիգադն է:
Հիշեցնենք, որ թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում սկսվել են դեռևս 2015-ի ամռանից, երբ թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց երկրի ներսում քրդերի դեմ:
Մինչև այժմ այդ բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են՝ պարբերաբար ինտենսիվանալով և մեղմանալով (Թուրքիայում թուրք-քրդական բախումների մասին մանրամասն՝ այստեղ):