Փետրվարի 24-ին Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերին հրամայել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածել նաև Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աբադին նշել է, որ այդ հրամանը տվել է ի պատասխան Բաղդադում և Իրաքի այլ բնակավայրերում «Իսլամական պետության» իրականացրած պայթյունների: Նշենք, որ փետրվարի 16-ին Բաղդադի հարավում պայթյունի հետևանքով զոհվել է 48 մարդ, ևս 55 մարդ վիրավորվել է:
Ըստ Աբադիի՝ Իրաքի ռազմաօդային ուժերը իրենց գործողությունները համաձայնեցրել են Սիրիայի իշխանությունների հետ:
Իրաքի զինվորական աղբյուրները նշում են, որ ավիահարվածները եղել են փետրվարի 24-ի առավոտյան, Իրաքի զինուժի Ֆ-16 կործանիչներով: Դրանք հարվածներ են հասցրել ԻՊ շտաբին Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող Աբու Քեմալ քաղաքում:
Սոցցանցերում հայտնվել է նաև ԻՊ դիրքին Իրաքի հարվածների տեսագրությունը:
#BREAKING ” First footage from #Iraqi Air Force F16 strikes in #Syria on #ISIS in Albu Kamal. Next video uploaded shortly pic.twitter.com/ZzRE9xdoUR
— Iraqi PMU English (@pmu_english) February 24, 2017
Նշենք, որ Իրաքի բանակը շարունակում է Մոսուլ քաղաքի ազատագրման համար ԻՊ դեմ մարտերը, որոնք մեկնարկել են դեռևս 2016-ի հոկտեմբերին: Փետրվարի 19-ին Հայդար ալ-Աբադին հայտարարել էր ԻՊ-ից Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Գործողության շրջանակներում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ևս ավիահարվածներ է հասցնում քաղաքի ԻՊ դիրքերին։
Փետրվարի 23-ին Իրաքի կառավարական բանակը ազատագրել է «Իսլամական պետության» ձեռքում գտնվող Մոսուլ քաղաքի օդանավակայանը և մոտաակայքում գտնվող «Գազանի» ռազմաբազան: