Շաբաթվա ընթացքում զոհվել է երկու զինծառայող, վիրավորվել՝ երեքը • ՊԲ-ն հետ է մղել ադրբեջանական զինուժի հարձակումը՝ պատճառելով կորուստներ • 2017-ի փետրվարին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 6 զինծառայողի կորուստ • Սահմանին իրավիճակը շարունակել է մնալ լարված, խոցվել է ադրբեջանական ԱԹՍ • Կայացել է զինծառայողների ապահովագման հիմնադրամի առաջին նիստը • ՊԲ-ում անցկացվել են պահեստազորայինների հավաքներ • ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան • Գնահատվել են ՆԱՏՕ-ՀՀ ՊՆ ամենամյա ծրագրերի և նպատակների առաջընթացը • ՀՀ ՊՆ-ն և «Կասպերսկին» քննարկել են կիբերանվտանգության ոլորտի համագործակցությունը • ԱՄՆ համաֆինանսավորմամբ կվերակառուցվի ՀՀ ԶՈւ խաղաղապահների ուսումնական կենտրոնը • Կայացել է սահմանամերձ գյուղերի քաղպաշտպանության զբաղվող հանձնաժողովի առաջին նիստը • ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ներքին ծառայության կանոնագրքի փոփոխության նախագծին • ՀՀ ՊՆ-ում ընդունել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանին • Կալանավորվել է ՊԲ երկու սպա • ԵԱՀԿ դիտարկում Արցախի Ասկերանի ուղղությամբ • ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան կարող է ստանալ ՄիԳ-35 կործանիչներ • Մարտական տագնապով ոտքի է հանվել Հայաստանում ՌԴ ռազմաբազայի անձնակազմը
• Մարտի 1-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախի շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային վիրավորումից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:
• Մարտի 1-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում նախկինում ստացած վիրավորումից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Զինծառայողը վիրավորվել էր հունվարի 16-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։
• Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս վիրավորվել է պարտադիր ժամկետային 3 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ միջին: Երրորդ զինծառայողը թեթև վիրավոր է:
• Փետրվարի 25-ին շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում էր չեզոք գոտում: Փետրվարի 27-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները չեզոք գոտուց վերադարձվել են ադրբեջանական կողմին:
• Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Արցախի շփման գծի արևելյան հատվածում հայկական զինուժի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «Orbiter» տեսակի անօդաչու թռչող սարք:
• Փետրվարի 28-ին և լույս գիշեր մարտի 1-ին Արցախի շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Spike տիպի հակատանկային կառավարվող հրթիռ և «Դ-44» տիպի հրանոթ, ինչպես նաև TR-107 տիպի հրթիռահրետանային կայանք։ Մարտի 2-ի լույս գիշերը հակառակորդը շարունակել է կիրառել ականանետներ և TR-107 կայաններ։ Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունն Արցախի շփման գծում մնացել է լարված:
• 2017-ի փետրվարիի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երեքը ոչ մարտական են: Դրանից բացի, երեք տարբեր միջադեպերի ժամանակ վիրավորվել է 6 զինծառայող։
• Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինծառայողների ապահովագրման հիմնադրամի առաջին նիստը, որի ընթացքում հիմնադրամի խորհրդի նախագահ է ընտրվել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
• ՊԲ առանձին հրետանային զորամասերից մեկում պահեստազորի շարքային կազմի հետ անցկացվել են ուսումնավարժական հավաք-պարապմունքներ։ Վարժանքներին կիրառվել է «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ։
• Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան:
• Փետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Պլանավորման և վերանայման գործընթացի և Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։
• Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիին և քննարկվել ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:
• Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը:
• Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
• ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացությունն են ստացել ՀՀ ԶՈւ ներքին ծառայության, ինչպես նաև կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթները:
• Փետրվարի 28-ին Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: Քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
• Շահադիտական նպատակներով պաշտոնական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, փոխգնդապետ Պետրոսյանին և պարենային ծառայության պետ, մայոր Ալեքսանյանին:
• Մարտի 1-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
• Ռուսաստանում արտադրվող ՄիԳ-35 կործանիչները կարող են փոխարինել Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներին: Այս մասին հայտնել է ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը: Ներկայում ռազմաբազան համալրված է Ռուսաստանում արտադրված ՄիԳ-29 կործանիչներով, իսկ ՄիԳ-35 կործանիչները դրանց հետագա կատարելագործված տարբերակն են:
Մարտի 1-ին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները մարտական տագնապով ոտքի են հանվել և շարժվել են դեպի բարձրլեռնային «Կամխուդ», «Ալագյազ» զորավարժարաններ: Ներգրավված են բոլոր զորատեսակները:
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն՝ այստեղ։