Մարտի 1-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում նախկինում ստացած վիրավորումից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Զինծառայողը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, և անմիջապես տեղափոխվել էր զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով զինծառայողը վիրավորվել է կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Հարուցվել էր քրեական գործ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի՝ մարտի 1-ի հաղորդագրության համաձայն՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով։