Կալանավորվել է ՊԲ երկու սպա

Շահադիտական նպատակներով պաշտոնական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, փոխգնդապետ Պետրոսյանին  և պարենային ծառայության պետ, մայոր Ալեքսանյանին:

Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ փոխգնդապետ Պետրոսյանը, ստորագրված պայմանագրերի հիման վրա  զորամասին հաց մատակարարող ՍՊԸ-ի պատասխանատու աշխատողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անձնակազմի համար անհրաժեշտ փաստացի մատակարարված հացի քանակը փաստաթղթով ավել ներկայացնելու և գրանցված յուրաքանչյուր քանակի  դիմաց համապատասխան գումար ստանալու համար։

Փոխգնդապետ Պետրոսյանը շահադիտական նկատառումներով հանձնարարել է նույն զորամասի պարենային ծառայության պետ, մայոր Ալեքսանյանին ՍՊԸ ուղարկել արդեն իսկ զորամաս մատակարարված հացի վերաբերյալ ապրանքագրեր, որոնք վերադարձվել են մատակարարված հացի քանակն ավել ներկայացված կեղծ գրառումներով, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական ծանր վնաս։

Ձեռք բերված  ապացույցների հիման վրա Պետրոսյանին և Ալեքսանյանին մեղադրանք է առջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 3-րդ մասը ենթադրում է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:

ՍՊԸ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *