Իրաքում բախումներ են եղել PKK-ին հարող զինյալների և Հյուսիսային Իրաքի քրդական «փեշմերգե» ուժերի միջև

Մարտի 3-ին Իրաքի Մոսուլ նահանգի Սինջար շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) հարող զինյալների և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ստեղծած և նրանց հովանավորության ներքո գտնվող «Ռոժավա փեշմերգե» ուժերի միջև բախումներ են եղել: 

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Համաձայն թուրքական աղբյուրի՝ PKK-ին հարող զինյալները փորձել են մտնել Սինջարի Սինուն գյուղաքաղաք, սակայն «Ռոժավա փեշմերգա» ուժերը դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում բախումներ են սկսվել: Բախումների հետևանքով երկու կողմերն էլ վիրավորներ ունեն:

Նշենք, որ Սինջարը հիմնականում բնակեցված է եզդի բնակչությամբ: 2014-ից, Սինջարն եղել է «Իսլամական պետության» զինյալների ձեռքը: Սակայն 2016-ի նոյեմբերին Հյուսիսային Իրաքի քրդական զինուժը` փեշմերգեն, ԻՊ-ից ազատագրել է Իրաքի Սինջար քաղաքը։

Նշենք, որ այս քաղաքը PKK-ի զինյալների և փեշմերգեի միջև հակամարտության հիմնական գոտիներից մեկն է:

Հատկանշական է, որ մարտերը սկսվել են այն բանից հետո, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին փետրվարի 27-ին այցելեց Անկարա, որտեղ հանդիպեց Թուրքիայի նախագահին և վարչապետին: Հանդիպումների ժամանակ Բարզանին հայտարարել է, որ իրենք պլանավորում են Սիրիայում տեղակայել Հյուսիսային Իրաքի քրդական զինուժը` փեշմերգեն:

Բախումների մասին տեղեկություններ են տարածվում նաև սոցցանցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *