ԱՄՆ համաֆինանսավորմամբ կվերակառուցվի ՀՀ ԶՈւ խաղաղապահների ուսումնական կենտրոնը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 3-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Զառ» ուսումնական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը Վիգեն Սարգսյանի և Ռիչարդ Միլսի մասնակցությամբ

«Զառ» ուսումնական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը Վիգեն Սարգսյանի և Ռիչարդ Միլսի մասնակցությամբ

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու դեսպան Միլզը նաև շրջել են ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացող աշխատանքներին:

«Մեր խաղաղապահները «Զառ» ուսումնական կենտրոնի հիմնավերանորոգումից և տեխնիկական վերազինումից հետո հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելություններին նախապատրաստությունն իրականացնել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում»,— այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը:

«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:

«Զառ» ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Առաջին փուլում հիմնովին վերանորոգվելու է «Զառ» ուսումնական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքը: Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի ճաշարանի, պարսպի կառուցումը:

ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվելու են հետևյալ աշխատանքները` գազամատակարարում, ջրամատակարարում, էներգահամակարգի վերակառուցում, կոյուղու և սեպտիկ հորի կառուցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *