[Ուղղված] Հայկական զինուժի կորուստները 2017-ի փետրվարին. Razm.info

2017-ի փետրվարիի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երեքը ոչ մարտական են: Դրանից բացի, երեք տարբեր միջադեպերի ժամանակ վիրավորվել է 6 զինծառայող։

Մարտական կորուստ

• Փետրվարի 6-ին Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը:

• Փետրվարի 8-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

• Փետրվարի 23-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով բեկորային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող, կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս զորամասին պատկանող T-170 բուլդոզերը ձորն է գլորվել, ինչի հետևանքով հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է բուլդուզերի անձնակազմի պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը:

• Փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:

• Փետրվարի 18-ին ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի  պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն ամրակցված գնդացրի կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:

Վիրավորներ

• Փետրվարի 8-ին Արցախի շփման գծի Մարտակերտի ուղղությունում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորվել է ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

• Փետրվարի 15-ին T-170 բուլդոզերի՝ ձորը գլորվելու միջադեպի հետևանքով պայմանագրային զինծառայողներ Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթել է պայթուցիկ սարք, ինչի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ: Տուժած զինծառայողներն անմիջապես տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *