Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 10 դեպք, որից 9-ը մարտական կորուստներ են:
Առկա տվյալների համաձայն՝ կորուստներից մեկը եղել է ոչ մարտական, մյուս 9-ը՝ մարտական պայմաններում: Ավելացնենք, որ 9 մարտական կորուստներից 5-ի մասին հայտնի է դարձել փետրվարի 25-ին՝ ադրբեջանական զինուժի ձախողված հարձակման փորձից հետո:
Ադրբեջանի ՊՆ-ն այս կորուստների ինքնությունը հրապարակեց երեք օր անց՝ փետրվարի 28-ին հրապարակված հաղորդագրությունում, երբ արդեն հայտնի էր, որ 5 զինծառայողի դիակները միջդիրքային տարածությունում են: Սակայն, դատելով ադրբեջանական սոցցանցերում հրապարակված տվյալներից, ադրբեջանական կողմը այդ գործողության արդյունքում կորցրել էր առնվազն 7 զինծառայող:
Ավելացնենք, որ փետրվարի 28-ին տեղեկություն է հրապարակվել փետրվարի 27-ին ևս երկու զինծառայողի սպանվելու մասին, որոնցից մեկին ՊՆ-ն չի հայտնել՝ չնայած թաղման տեսագրության առկայությանը:
Կորուստներ
• Փետրվարի 9-ին, համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, Մռավի լեռներում ադրբեջանական զինուժի մարտական հենակետերից մեկում «ձնահոսքի պատճառով մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ռյուսթեմով Ուլվի Ահմադ օղլուն (Rüstəmov Ülvi Əhməd oğlu)»:
• Փետրվարի 11-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրության համաձայն, Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu):

Ադրբեջանի ԶՈւ սպանված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu)
• Փետրվարի 22-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ նույն օրը Արցախի շփման գծում սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Խալիլով Խանօղլու Ինթիզամ օղլուն (Xəlilov Xanoğlan İntizam oğlu):
• Փետրվարի 25-ին Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, հակառակորդը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով և կորուստներ է ունեցել։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունեց, որ կորուստներ ունի, սակայն միայն փետրվարի 28-ին հրապարակեց անունները.
- Աբդուլլաև Ագշին Իսմայիլ օղլու (Abdullayev Aqşin İsmayıl oğlu),
- Նազարով Շահլար Յաշար օղլու (Nəzərov Şahlar Yaşar oğlu),
- Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու (Haşımlı Tural Əbdül oğlu),
- Ղադիմով Զյուլֆյու Ռահիմ օղլու (Qədimov Zülfü Rəhim oğlu),
- Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու (Cəfərov Zakir Nazim oğlu):
Սակայն սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից վերը նշվածներից երկուսի՝ Աբդուլլաև Ագշինի և Հաշիմլի Թուրալի ինքնությունը ավելի վաղ էր հայտնի դարձել: Դատելով նույն տեղեկություններից, ինչպես նաև ՊԲ տրամադրած տվյալներից՝ փետրվարի 25-ին սպանված 5 զինծառայողներից առնվազն 3-ը սպաներ են, այդ թվում՝
- Աբդուլլաև Ագշին — մայոր, բրիգադի հետախուզության պետ,
- Հաշիմլի Թուրալ — ավագ լեյտենանտ՝ հետախուզական ստորաբաժանման հրամանատար,
- Նազարով Շահլար — լեյտենանտ / ավագ լեյտենանտ, հետախուզական ստորաբաժանման հրամանատար:
Մյուս երկու զինծառայողները, ամենայն հավանականությամբ, պայմանագրայիններ են, այդ թվում՝ առնվազն մեկը սակրավոր, ով իրականացնում էր միջդիրքային գոտու մասնակի ականազերծում՝ անցումն ապահովելու համար:
Ավելացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպին հաջորդած օերին հայտնել է, իբր «հայկական կողմը շատ ավելի մեծ թվով՝ անհայտ քանակի կորուստներ է ունեցել նույն բախումներում»: Հաղորդագրություններից մեկում նույնիսկ նշվում էր, որ «հայկական կողմից կռվում են արտասահմանից բերված վարձկաններ»: Սակայն ադրբեջանական գերատեսչությունը այս ամենը փաստող որևէ ապացույց մինչ օրս չի ներկայացրել: Իսկ հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանցիների հարձակման փորձի ձախողման տեսագրությունը:
Փետրվարի 25-ի միջադեպից հետո հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս երկու սպանված զինծառայողի ինքնություն:
• Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, փետրվարի լույս 27-ի գիշերը վիրավորվել, ապա հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ահմադով Էլվին Սուլեյման օղլուն (Əhmədov Elvin Süleyman oğlu):
• Փետրվարի 28-ի գիշերը ադրբեջանական սոցցանցերից հայտնի էր դարձել, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուլ Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում փետրվարի 27-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզալիև Փարվիզ Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu): Ավելի ուշ հրապարակվել է նաև զինծառայողի թաղման տեսագրությունը: Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն այս զինծառայողի կորստի մասին որևէ տեղեկություն չի հաղորդել:
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ: