Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս վիրավորվել է պարտադիր ժամկետային 3 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ միջին: Երրորդ զինծառայողը թեթև վիրավոր է:
Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնել է, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթել է պայթուցիկ սարք, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:
Տուժած զինծառայողներն անմիջապես տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ):
Կատարվում է նախաքննություն: