Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Նույն օրը շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
[Լրացում] Փետրվարի 8-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողի սպանության, ժամկետային զինծառայողին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ։
08.02.2017 թվականին՝ ժամը 11:00-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցից գլխի շրջանում մահացու վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Մեկ ժամ անց՝ ժամը 12:00-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցից գլխի շրջանում վիրավորվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
Վերջինս տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ։ Կատարվում է նախաքննություն: