Փետրվարի 27-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ շրջանում Թուրքիայի զինուժի զինծառայողների ականազերծման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման աշխատանքների ժամանակ պայթյուն է եղել, ինչի գետևանքով վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային՝ անմիջապես Սիրիային սահմանակից, Քիլիս նահանգ հիվանդանոց:
Նշենք, որ, ըստ պաշտոնական տվյալների Թուրքիայի զինուժը 2016-ի օգոստոսից մինչև այժմ Սիրիայում ունեցել է 70 զինծառայողի կորուստ, որոնց մեծ մասը՝ հենց Ալ-Բաբում:
Փետրվարի 24-ին, Թուրքիայի բանակը հայտարարել է, թե իրենք ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Սիրիայի Ալ-Բաբ շրջանի վրա: Չնայած թուրքական կողմը պնդում է, որ իրենք արագ առաջ են ընթանում, այնուամենայնիվ սա որոշակի կասկածներ է առաջացնում: Խնդիրն այն է, որ չնայած թուրքական կողմի հայտարարություններին՝ ահաբեկիչների խմբերը դեռ Ալ-Բաբում են և փետրվարի 24-ին պայթուցիկներով լի մեքենաներ են պայթեցրել քաղաքից հյուսիս ընկած Սոսիան բնակավայրի մոտ։ Մասնավորապես, Թուրքիայի զինուժին աջակցող զինյալների շտաբի մոտ տեղի ունեցած պայթյունի ժամանակ մահացել է 60 մարդ:
2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին: