Սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան

Այսօր՝ մարտի 2-ին, Սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Պալմիրայում: Կառավարական ուժերը տարբեր ուղղություններով գրոհել են քաղաքի արվարձանները և վերահսկողություն հաստատել քաղաքի պատմական կենտրոնում, արևմտյան և հարավային հատվածներում: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Պալմիրայի միջնաբերդի գրավումից հետո սիրիական բանակը հեռացնում է ԻՊ դրոշները և խորհրդանիշները:

Պալմիրայի միջնաբերդի գրավումից հետո սիրիական բանակը հեռացնում է ԻՊ դրոշները և խորհրդանիշները: Լուսանկարը՝ getty images գործակալության

Մարտի 2-ին Սիրիայի կառավարական բանակը ամբողջությամբ վերահսկողություն է սահմանել Պալմիրա քաղաղին մոտ ընկած, ռազմավարական նշանակություն ունեցող ալ-Թար լեռան վրա: Փոխանցում է «ՍԱՆԱ» գործակալությունը:

Մարտի 2-ին կառավարական բանակը և նրանց աջակցող զինյալների խմբավորումները ԻՊ զինյալների դուրս գալուց հետո ականազերծման աշխատանքներ են սկսել Պալմիրայի արևմտյան շրջաններում: Հայտնում է «ՌԻԱ Նովոսոտի» գործակալությունը:

Համաձայն աղբյուրի՝ ԻՊ զինյալները զանգվածաբար հեռանում են Պալմիրայի տարածքից՝ առանց լուրջ դիմադրություն ցույց տալու: Նշվում է նաև, որ այս պահին քաղաքի հենց պատմական մասում կառավարական ուժերի զինվորականներ չկան, քանի որ այն լի է ինքնաշեն պայթուցիկ սարքերով:

Քաղաքի ազատագրման գործողությանը մասնակցել են նաև ՌԴ օդուժը, ինչի մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է ՌԴ նախագահին:

Ավելի վաղը հայտնի է դարձել, որ կառավարական բանակը 1-2 կմ հեռավորության վրա է գտնվում Պալմիրա քաղաքի կենտրոնից: Սոցցանցում տեսագրություն է տարածվել նաև, թե ինչպես են կառավարական ուժերը Պալմիրայի մոտ ոչնչացնում ԻՊ տանկերը.

Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 23-24-ին Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել էր ազատագրել ԻՊ վերահսկողության տակ գտնվող Պալմիրա պատմական քաղաքը (Թադմոր)։ Սակայն կառավարական ուժերն այն կարողացան պահել մինչև 2016 թ․ դեկտեմբեր, երբ իսլամիստներին հաջողվեց կրկին գրավել քաղաքը:

2017 թ. փետրվարին կառավարական ուժերը նոր հարձակում են սկսել՝ փորձելով վերանվաճել պատմական քաղաքը, որը կարող է դառնալ նաև Դեր Զորի ուղղությամբ հարձակվելու համար բավականին արդյունավետ հենակետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *