Փետրվարի 28-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Թուքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ բնակավայրի մոտ տեղակայված Աքիլ բլրի վրա ժամանակավոր ռազմաբազա է հիմնել: Նշվում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա համաձայնությամբ՝ Թուրքիայի զինուժի և Սիրիայի բանակի միջև այդ հատվածում բախումներ չեն սպասվում առաջիկայում:
Միևնույն ժամանակ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը նշում է, որ Սիրիայի կառավարական ուժերը հարավից շրջանցել են Ալ-Բաբը և միացել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանին: Այսպիսով Թուրքիան կտրվել է «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքայի ուղղությամբ հարձակումը շարունակելու հնարավորությունից:
Սիրիայի տարածքում ստեղծված ժամանակավոր բազայում տեղակայվել են նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման թյուրքմեն զինյալները: Օրերս տեղեկություններ կային, որ նշված զինյալների և Սիրիայի կառավարական ուժերի միջև այդ հատվածում բախումներ են եղել, սակայն թուրքական կողմը հայտնում է, որ այն շատ արագ կանխվել է՝ ելնելով Ռուսաստանի հետ «կարմիր գծի» վերաբերյալ պայմանավորվածությունից:
Սա ըստ էության նշանակում է, որ կողմերը պայմանավորվել են որոշակի սահմաններից դուրս չգալ և սահմանափակվել պայմանավորվածություններով իրենց մնացած գոտում վերահսկողություն հաստատելով:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, մի քանի ամիս տևած մարտերից հետո, Թուրքիայի զինուժը կարողացել էր «Իսլամական պետությունից» գրավել Սիրիայի Ալ-Բաբ քաղաքը և որոշ հարակից բնակավայրեր:
Չնայած նրան, որ Թուրքիան մշտապես հայտարարել է նաև Սիրիայի կառավարության և տեղի քրդական զինուժի դեմ գործողություններ սկսելու մտադրությունների մասին, ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սիրիայի կառավարակն ուժերին առայժմ օգնում է Ռուսաստանը, իսկ քրդերին՝ Միացյալ Նահանգները:
Ըստ այդմ, Թուրքիայի այս դեպքում Թուրքիայի գործողություները սահմանափակված են այդ երկու խոշեր խաղացողների քաղաքանությամբ, ինչը ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր նաև Ստամբուլի անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Ֆրանսուա Պերուզը: