Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում երկաթգծի վրա պայթյուն է եղել՝ Բաթման նահանգից եկող բեռնատար գնացքի անցման ժամանակ: Պայթյունի հետևանքով գնացքի 8 վագոն դուրս է եկել ռելսային գծերից: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Բեռնատար գնացքը նավթ տեղափոխելու համար է նախատեսված եղել, բայց պայթյունի ժամանակ վագոնները դատարկ են եղել: Պայթյունի հետևանքով կորուստներ չկան:
Պայթյունի համար թուրքական կողմը մեղադրում է «Քրդաստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK):
#Turkey
A wagon in freight train on the outskirts of #Diyarbakir exploded
No casualties reported pic.twitter.com/z8kwkKRtq4— Mahdi Khodabakhsh (@khodabakhsh24) February 27, 2017
Թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում սկսվել են դեռևս 2015-ի ամռանից, երբ թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց երկրի ներսում քրդերի դեմ: Մինչև այժմ այդ բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են՝ պարբերաբար ինտենսիվանալով և մեղմանալով (Թուրքիայում թուրք-քրդական բախումների մասին մանրամասն՝ այստեղ):
Միևնույն ժամանակ նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016-ին էլ ավելի ավելացրին իրենց հետապնդումներն ու ճնշումները Թուրքայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) նկատմամբ: 2016-ի նոյեմբերին Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին HDP համանախագահներ, ղեկավարներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին, ու կուսակցության մի քանի այլ պատգամավորների: Ինչից հետո Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները մի փոքր ինտեսիվացան: