Մարտի 3-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո թուրքական կողմը առանջահերթությունը տվել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքին, և այդ ուղղությամբ մեծ տեղաշարժ կա:
Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Նա նաև հայտնել է, որ թուրքական կողմը ակնկալում է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը և այդ թվում նաև ԱՄՆ կպահեն Թուրքիայի տված իրենց խոստումը Մանբիջի շուրջ: Ըստ նրա՝ Թուրքիան սպասում է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը» (YPG) խմբավորումը պետք է հեռանան Եփրատի արևմտյան հատվածից՝ այսինքն Մանբիջից:
Նշենք, որ ամերիկյան կողմը աջակցում է Սիրիայում քրդական ուժերին և ժամանակ առ ժամանակ զինտեխնիկա և զրահափոխադիրչներ է ուղարկում:
Ըշըքը նաև ակնարկել է, որ Սիրիայում քրդական ուժերը, ԻՊ-ն և Սիրիայի կառավարական ուժերը համագործակցում են միմյանց հետ:
Նշենք, որ մարտի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ևս հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը շարժվում է Մանբիջի ուղղությամբ և այնտեղից քրդերի դուրս չգալու դեպքում հարվածելու են քրդերին:
Our target is #Münbiç after #AlBab . (@RT_Erdogan )
— Recep Tayyip Erdogan (@president_Erdog) March 2, 2017
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել է, որ Ալ-Բաբից հետո ուղղությունը լինելու է դեպի Մանբիջ: Ավելի վաղ Էրդողանi խորհրդականը նաև հայտարարել է, որ «Եփրատի վահան» գործողությունը ավարտելուց հետո, Թուրքիան չի մնալու Սիրիայի տարածքում:
Նշենք, որ մի քանի օր է, ինչ թուրքական մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիայի զինուժ աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման թյուրքմեն զինյալները շարունակում են գրոհել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքը և արդեն գրավել են հարակից մի քանի բնակավայր: