Վրաստանը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից. ԶՈւ ԳՇ պետ

Վրաստանի բանակը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից և հանում է դրանք զինված ուժերի սպառազինությունից: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան վրացական «Արսենալի» ռազմական-վերլուծական ամսագրի հետ հարցազրույցում: Փոխանցում է Apsny.ge լրատվակայքը:

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ

Ըստ պաշտոնյայի՝ այս որոշման պատճառն այն է, որ ինքնաթիռների պահպանումն ու սպասարկումը թանկ է նստում: Ավելին, ԶՈւ կազմում եղած այս գրոհիչներից գրեթե ոչ մեկը թռիչքներ չէր իրականացնում:

«Վերջին ժամանակները հազիվ մեկ ինքնաթիռ էր թռիչքներ իրականացնում: Մենք պահպանում էինք սարքեր, որոնք չէինք օգտագործում: Դրա վրա մեծ գումարներ էին ծախսվում բյուջեից: Մենք գիտենք, որ Ռուսաստանի ագրեսիայի դեպքում մենք շանս չունենք. եթե հաշվի առնենք Աբխազիայում և Սամաչաբլոյում (Հարավային Օսիա — խմբ) Ռուսաստանի ՀՕՊ միջոցների տեղակայումը, ապա թռիչքից հետո 10 րոպեն բավական կլինի մեր ցանկացած ինքնաթիռ խոցելու համար», — նշել է Չաչիբաիան:

Պաշտոնյայի խոսքով՝ դրա փոխարեն վրացական կողմը շեշտը կդնի ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի վրա:

Ռազմինֆոն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վրացական կողմը կարող է հրաժարվել իր բոլոր գրոհիչներից: Վրաստանի զինված ուժերում հիմա կա 12 միավոր Սու-25 գրոհիչ, որոնք հասել են իրենց շահագործման ժամկետի ավարտին:

Վրաստանի զինված ուժերն առանձին ռազմաօդային ուժեր չունեն: Որպես առանձին զորատեսակ՝ ՌՕՈւ-ն կրճատվել է 2010 թվականին, իսկ մարտական ինքնաթիռները փոխանցվել են ցամաքային զորքերին, որտեղ էլ ձևավորվել է ավիացիոն բրիգադ՝ կազմված ուղղաթիռային և ինքնաթիռային էսկադրիլիաներից:

Մինչ այս իր նույն Սու-25 գրոհիչներից մի քանիսն էլ Վրաստանը վաճառել է Ադրբեջանին: 2015-ին Ադրբեջանին են փոխանցվել 15 ինքնաթիռ, ինչպես նաև դրանց նորոգման տեխնոլոգիաներ:

Ավելի վաղ հայտնի էր, որ 2002-ին Վրաստանն Ադրբեջանին է վաճառել 6 միավոր Սու-25 գրոհիչ, իսկ 2005-ին՝ ևս 6 միավոր Սու-25 գրոհիչ և 1 միավոր Սու-25ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ:

Ստորև կարող եք լսել նաև հունվարին Ռազմինֆոյի և Հանրային ռադիոյի պատրաստած ռեպորտաժը թեմայի վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *