Թուրքական ընկերությունը բանակցում է Ավստրիային թևավոր հրթիռներ վաճառելու շուրջ

Թուրքական Roketsan («Ռոքեթսան») ընկերությունը հնարավոր է Ավստրիայի զինված ուժերի նոր սերնդի F-35 կործանիչների համար թևավոր հրթիռներ վաճառի: Սակայն առկա որևէ համաձայնության մասին առայժմ չի նշվում, ընթանում են բանակցություններ:

Այս մասին մարտի 1-ին Ավստրիայում կազմակերպված միջազգային Avalon Airshow 2017 ռազմական ցուցահանեդեսի ժամանակ, հայտարարել է Roketsan ընկերության ինժերական գծով տնօրեն Ջենկ Օնենը, փոխանցում է «Հյուրիեթ» պարբերականը:

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար

Տնօրենը հայտարարել է, որ ցուցահանդեսի ժամանակ թուրքական ընկերության հիմնական խնդիրներից մեկն է բանակցել ավստրիական կողմի հետ Roketsan ընկերության արտադրած SOM-J թևավոր հրթիռների վաճառքի շուրջ: Ըստ նրա, այդ ուղղությամբ կողմերը լուրջ աշխատանքներ են իրականացնում:

Նշենք, որ 2016-ի սեպտեմբերին ամերիկյան Lockheed Martin և թուրքական Roketsan ընկերությունները պայմանագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ նախագծելու են ամերիկյան F-35 կործանիչների համար նախատեսված SOM-J թևավոր հրթիռ: Հատկանաշական է, որ ըստ թուրքական ընկերության՝ այս հրթիռը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին, այսինքն թուրքական կողմը դեռ հրթիռի աշխատանքները չավարտած փորձում է արդեն գնորդներ գտնել դրանց համար:

Նշենք, որ SOM-J թևավոր հրթիռը «օդ-մակերևույթ» դասի է, և նախատեսված է ինչպես ԱՄՆ և Թուրքիայի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերին վաճառելու համար:

Հրթիռի առանձնահատկությունն այն է, որ կործանիչի օդաչուն կարող է հրթիռն արձակել մեծ հեռավորությունից, ինչը թույլ կտա խուսափել հակառակորդի հակահարձակումից:

Թեև հրթիռը նախատեսված է F-35 նորագույն կործանիչների համար, որոնցից Թուրքիան նույնպես պատվիրել է, սակայն դրա փորձարկումներն անցկացվելու են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների վրա:

«Ռոքեթսան» ընկերության արտադրած SOM թևավոր կառավարվող հրթիռը արիզի ավիացուցահանդեսում

«Ռոքեթսան» ընկերության արտադրած SOM թևավոր կառավարվող հրթիռը արիզի ավիացուցահանդեսում

Հետաքրքիր է, որ ամերիկյան և թուրքական ընկերություններն այս հրթիռի նախագծման վերաբերյալ համաձայնության են եկել շատ ավելի վաղ: Դեռ 2014-ի հոկտեմբերին ամերիկյան ընկերության կայքը ևս մեկ նման լուր է տարածել, ըստ որի՝ երկու ընկերությունները համագործակցելու են հրթիռը նախագծելիս: Սակայն, ըստ էության, մոտ մեկ տարի անց երկու ընկերությունները հասցրել են միայն համաձայնությանը պայմանագրի տեսք տալ:

SOM-J հրթիռը Թուրքիայում ավելի վաղ նախագծված գերձայնային SOM (Stand-off Mühimmat Seyir Füzesi) հրթիռի փոքր տարբերակն է: Նոր հրթիռը ունենալու է նավիգացիայի GPS, ինչպես նաև իներցիալ և ինֆրակարմիր տեսողության համակարգեր: Նշենք, որ դրա նախկին տարբերակը՝ SOM հրթիռը, նախատեսված է եղել հենց F-16 կործանիչների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *