2017-ին ԱՄՆ-ն երկրորդ օգնությունն է փոխանցում Սիրիայի քրդերի գլխավորած կառույցին

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող, քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը Միացյալ նահանգներից ստացել է տարբեր տեսակի զենք և զրահափոխադրիչներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով լիբանանական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին:

Նշվում է, որ ռազմական օգնությունը բերվել է փետրվարի 28-ին՝ Սիրիա-Իրաք սահմանով: Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (U.S. Central Command) հրամանատար, գեներալ Ջոզեֆ Վոթելը հայտարարել էր, որ պատրաստվում է ուժեղացնել քրդական կուսակցությունը՝ ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական պայքարի շրջանակներում:

Սա 2017-ին երկրորդ օգնությունն է, որը քրդերը ստանում են ԱՄՆ-ից: 2017-ի հունվարի 31-ին Սիրիայի քրդական կուսակցությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից ստացել է զրահապատ մեքենաներ:

Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման կազմի մեջ մտնում են զորաջոկատներ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներից» (YPG), «Քրդական դեմոկրատական միության» (PYD) ուժերից և արաբական զինյալ, ընդդիմադիր տարբեր խմբավորումներից:

Նշենք, որ Թուրքիան քրդական YPG-ն համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը, և որակում որպես «ահաբեկչական»: Մասավորապես 2014-15 թվականներից սկսած թուրքական զինուժը հարվածում է Սիրիայի տարածքում նշված խմբավորման դիրքերին: Իսկ 2016-ի օգոստոսին Սիրիայի տարածք ներխուժելուց հետո, թուրքական զինուժը նաև ցամաքային ռազմական գործողությւոններ է իրականացնում քրդերի դեմ:

ԱՄՆ-ն քրդական PYD-ն դիտում է իբրև Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում հիմնական դաշնակից, ինչի հետևանքով սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, և Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի ճգնաժամի հարցում ոչ թե իրենց դաշնակից Թուրքիային, այլ քրդերին աջակցելու համար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *