Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի

Մինչև այժմ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի 900 քաղաքացի. այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը: Փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: 

Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալներ

Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալներ

Ըստ Գուլիևի՝ նրանց մեծ մասը արդեն սպանվել է Սիրայում և Իրաքում ընթացող մարտերում: Նա նաև հայտնել է, որ նրանցից 84-ը տարբեր տարիների ազատազրկման է ենթարկվել, իսկ 54-ն էլ զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից:

Մեկ այլ հայտարարությունում Գուլիևը նշել է, որ վերջին կես տարում իրականացված գործողությունների արդյունքում Ադրբեջանում սպանվել է 9 ահաբեկիչ, ևս 4-ը ձերբակալվել է:

Ավելացնենք, որ Ադրբեջանի քաղաքացիները մեծամասամբ անդամակցում են Մերձավոր Արևելքում գործող տարբեր զինյալ խմբավորումների, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը:

Զինյալների մեծ մասը Թուրքիայից Սիրիա անցել են նշված 6 սահմանային անցակետերով. քարտեզը՝ ԱՄՆ Ռազմական ակադեմիային կից ԱՊԿ-ի

Զինյալների մեծ մասը Թուրքիայից Սիրիա անցել են նշված 6 սահմանային անցակետերով. քարտեզը՝ ԱՄՆ Ռազմական ակադեմիային կից ԱՊԿ-ի

Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Ադրբեջանի միգրացիայի պետական ծառայության պետը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում ադրբեջանական իրավապահ մարմինները տեղեկություններ են փոխանցել արտասահմանում ահաբեկչական կառույցների անդամակցող Ադրբեջանի 58 քաղաքացիների մասին:  Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը դիմել է դատարան՝ նշված անձանց քաղաքացիությունից զրկելու պահանջով: Բոլոր հայցերը բավարարվել են, այլ մանրամասներ չեն նշվում:

Ավելացնենք, որ 2016-ի ապրիլին ամերիկյան «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» (CTCհրապարակել էր 2013-14թթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր լրացրած 4600 հոգու վերաբերյալ զեկույց, որից 122-ը Ադրբեջանից են։ Սակայն Ադրբեջանի ԻՊ-ին անդամագրվածների ընդհանուր թիվը իրականում շատ ավելի մեծ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *